Ավետիք Իսահակյանի կենսագրությունը


30/10/1875 Ալեքսանդրապոլ – 17/10/1957 Երևան, բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943-ից), ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1946):

Սահակ Իսահակյան /1828-1890/.
Իսահակյանի հայրը

Ալմաստ Ղլճյան /1833-1918/.
Իսահակյանի մայրը

Իսահակյանի մանկությունն անցել է Ղազարապատ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում և Հառիճի վանքում:
1889-1892թթ. սովորել է Գևորգյան ճեմարանում:
1893թ.-ին Գերմանիայում ընդունվել է Լայպցիգի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժինը` որպես ազատ ունկնդիր:

Փոքրիկ Ավետիքը մորական պապի`
Գաբրիել Ղլտճյանի հետ

Ավ. Իսահակյանը Գևորգյան
ճեմարանի սան

1895թ. վերադարձել է հայրենիք: Վաղ երիտասարդության տարիներից Իսահակյանը զբաղվել է ազգային-քաղաքական գործունեությամբ. պրոպագանդիստական- քարոզչական աշխատանք, դրամական միջոցների հայթայթում, զենքի ձեռքբերում, կամավորական ջոկատների կազմակերպում:
1896թ.-ին ձերբակալվել է և մեկ տարի պահվել Երևանի նահանգային բանտում:

Շուշանիկ Մատակյան. բանաստեղծի
մեծ սերը և քնարերգության
հերոսուհին /1877-1944/

1897թ. Ալեքսանդրապոլում լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` ‹‹Երգեր ու վերքեր››խորագրով (‹‹Իմ փերին››, ‹‹Ծաղիկ էի նորաբողբոջ››, ‹‹Կուզե՞ս լինիմվշտի ցողեր››, ‹‹Շուշան աղջիկ քու գերին եմ››…): Այս գիրքը նախանշում էր նրա գրական ստեղծագործության սկիզբն ու հավատամքը: Հայրենիքի, սիրո, կարոտի, մայրական սիրո թեմաները Իսահակյանի ստեղծագործության հիմնական մոտիվներից են: Հայրենի բնաշխարհի գեղեցկությունները, նրա լեգենդն ու առասպելը, երազն ու սերը իրենց բացառիկ դրսևորումը գտան‹‹Ալագյազի մանիներ›› պոեմում (1895-1917): 1898թ. Իսահակյանը նորից է ձերբակալվել և աքսորվել Օդեսա:

Ավ. Իսահակյանը
համալսարանական ընկերների հետ.
Լայպցիգ, 1894թվական

Ավ. Իսահակյանը մոր, քրոջ, եղբոր
և մյուս հարազատների հետ. Ղազարապատ,
1905 /լսնկարը Հովհ. Թումանյանի/

Աքսորից հետո` 1899թ., Իսահակյանն անդամագրվել է Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությանը և դարձել Ալեքսանդրապոլի ‹‹Քարի›› կուսակցության անդամ: Հայ ազգային-ազատագրական պայքարին նվիրված բանաստեղծությունները, որոնք, 1899թվականից սկսած, տպագրվում էին ‹‹Դրոշակ›› ամսագրում, Իսահակյանը ստորագրում էր ‹‹Հայ-Գուսան›› կեղծանունով: 1908թ. ‹‹դաշնակցության գործով››, ի թիվս 160 հայ առաջադեմ մտավորականների (նրանց թվում էր նաև Հովհ. Թումանյանը), Իսահակյանը ձերբակալվել է և կես տարի Մետեխի բանտում մնալուց հետո ազատվել խոշոր դրամական գրավականով:
1909-1910թթ. Իսահակյանը գրել է իր հռչակավոր ‹‹Աբու-Լալա Մահարի›› պոեմը, որի գլխավոր հերոսը կրողն է անհատի ողբերգության, համամարդկային ցավի ու տառապանքի:

Ավետիք Իսահակյան.
Ցյուրիխ, 1900 թվական

1911թ., քաղաքական հետապնդումից խուսափելով, Իսահակյանը հեռացել է հայրենիքից, վերադարձի դեպքում կարող էր նորից ձերբակալվել: Նրա ստեղծագործական կյանքում բացառիկ տեղ է գրավել ‹‹Ուստա Կարո››անավարտ վեպը (առաջին տարբերակը` 1910-1912թթ.): Այս վեպը նոր շրջանի հայ արձակի ամենահետաքրքիր ու բարդ երևույթներից է: Ստեղծագործական իր ողջ կյանքի ընթացքում նա աշխատել է այս վեպի վրա, և տարիների ընթացում կատարված գրառումներում խտացված են բանաստեղծի անհանգիստ սրտի տագնապներն ու խոհերը իր ժողովրդի ճակատագրի շուրջ:

 

Տիկին Սոֆին և փոքրիկ Վիգենը. Թիֆլիս, 1911

1915թ. Թուրքիայի կողմից իրագործված` հայոց Մեծ եղեռնի ողբերգությունը Իսահակյանը պետք է պատկերեր իր‹‹Սպիտակ գրքում››, որի մի զգալի հատվածը տեղ է գտել‹‹Հիշատակարանի›› գրառումներում: Եղեռնի ծանր զգացողությունների արդյունք են նրա ‹‹Ձյունն է եկել, ծածկել հիմա››, ‹‹Հայաստանին››, ‹‹Ահա նորեն եկավ գարուն›› բանաստեղծությունները: Իսահակյանը Հայկական հարցի լուծման ջերմ պաշտպաններից էր:

 

Ավետիք, Սոֆյա և Վիգեն Իսահակայններ.
Վենետիկ, 1925թվական

Աշխարհընկալման Իսահակյանի հայեցակարգը` խոհերը հայրենիքի, մարդկային կեցության, սիրո, ժամանակի-տարածության, տիեզերքի անհունության, իրենց անդրադարձն են գտել նրա բազմաժանր ստեղծագործություններում. ‹‹Իմ սիրտն այնտեղ է››, 1906, ‹‹Անհուն վրեժի և ատելության››, 1908, ‹‹Անանդան և մահը››, 1908,‹‹Հավերժական սերը››, 1914, ‹‹Լիլիթ››, 1921, ‹‹Սասմա Մհեր››, 1922,‹‹Սաադիի վերջին գարունը››, 1923, ‹‹Մի մրահոն աղջիկ տեսա››, 1925, ‹‹Ռավեննայում››, 1926, ‹‹Համբերանքի չիբուխը››, 1928…

 

Ավ. Իսահակյանն իր առանձնատան
պարտեզում. Երևան, 1955թվական

Երկար տարիներ բանաստեղծը դեգերել է օտար երկրներում. ապրել է Գերմանիայում, Թուրքիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, եղել է նաև Հունաստանում:
Արտասահմանում եղել է ‹‹Գերմանահայկական ընկերության›› անդամ, ինչպես նաև ՀՕԿ-ի փոխնախագահ:
1936թ. Ավ. Իսահակյանը վերջնականապես վերադարձել է Հայաստան:

Վախճանվել է 1957թ. հոկտեմբերի 17-ին, նրա աճյունը հանգչում է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
Իսահակյանի տուն-թանգարաններ կան Երևանում և Գյումրիում: Հայաստանի ամենատարբեր վայրերում Իսահակյանի անունով կան դպրոցներ, փողոցներ, գրադրաններ: Հայտնի են Իսահակյանի արձանները Երևանում (քանդակագործ` Սարգիս Բաղդասարյան, ճարտարապետ` Լիպարիտ Սադոյան, 1965), Գյումրիում (ՍՍՀմ պետական մրցանակ, 1977, քանդակագործ` Նիկողայոս Նիկողոսյան, ճարտարապետ` Ջիմ Թորոսյան):
Մեծ բանաստեղծի ստեղծագործությունները, մասնավորոպես Աբու-Լալա Մահարի պոեմը, թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Իսահակյանի ստեղծագործությունները իրենց արժանի տեղն են գրավում համաշխարհային գրականության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *