Եղբայրության կամ թե սիրո

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 14-05-2013

Եղբայրության կամ թե սիրո
Խոսքը ես ձեզ չեմ ավետում, –
Պատգամները չարի, բարվո
Ձեր ոտների տակն եմ նետում:
Կյանքն է պայքա՛ր` գոռ ու դաժա՛ն,
Ճզմի՛ր մարդուն և թռի՛ր վե՛ր.
Իրավունքը ուժն է միայն,
Վա˜յ հաղթվածին, հազա՛ր վայեր:
Տեր կամ ըստրուկ պիտի լինիս, –
Ճշմարտություն չըկա ուրիշ:
Չես սպանի, քեզ կսպանեն,
Դու սպանի՛ր, քեզ չսպանեն:
Լուծ կամ լծկան պիտի լինիս, –
Ճշմարտություն չըկա ուրիշ:
Անիծվիս, մա՛րդ, որ հույսդ է մարդ.
Բախտըդ կռվով կռի՛ր ինքըդ:
Մո՛ւրճ կամ զնդա՛ն պիտի լինիս.-
Ճշմարտություն չըկա ուրիշ:
1905
Ալեքսանդրապոլ

Post your comment