ՅՈԹԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ – ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Աբու Լալա Մահարի, Պոմներ | Posted on 08-03-2013

Tagged Under : , , , , , ,

Եվ քարավանը Աբու – Լալայի Արաբստանի մեծ անապատի
Դարբասների մոտ ծունկ իջավ հոգնած…

Հորիզոնները հրդեհվում էին իրենց ամայի, ազատ ափերում,
Մութն հավաքում էր քղանցքը թավշյա, բոցերով բոսոր երկինքն էր ծփում:

Եվ Աբու – Լալան նստեց մենավոր` հակինթյա ժայռին գլուխը հենած,
Հայացքը սուզած դյութական հեռուն, և հաշտ ու պայծառ, հոգին անդորրած:

– Ոհ, ինչ ազատ եմ, անպարփակ ազատ. մի՞թե կարող է այս մեծ սահարան
Պարուրել, գրկել իր ծիրերի մեջ ազատությունս` անհուն, անսահման:

Ոչ մի մարդկային աչք ինձ չի տեսնի, չի հասնի ոչ մի մարդկային բազուկ.
Ով ազատություն, դու դրախտային չքնաղ վարդերի լուսեղեն բուրմունք:

Քո պերճ վարդերով դու պսակիր ինձ, վառիր իմ հոգում ջահերդ հուր – հրան.
Ով ազատություն, դու դրախտային լույս – բլբուլների անմահ Ալ – Կորան:

Չքնաղ առապար, դու իմաստության ոսկեղեն աշխարհ, հազար ողջույն քեզ,
Անարատ բադիե, ուր մարդուն չի լլկել բնավ, հար օրհնյալ լինես:

Տարածվիր անծիր, փռիր ավազիդ դեղին ծովերը ազգերի վրա,
Ծածկիր ողջ մարդկանց, քյոշք ու խրճիթներ, գյուղ ու շահաստան, շուկա ու կլա:

Վիշապ հողմիդ հետ ազատությունը թող գահակալե աշխարհը հանուր,
Եվ ոսկեվառե վսեմ արևը` ազատությունը աշխարհասփյուռ:

Հազար ու հազար հրաշալիքներով և հրաբորբոք հրապույրներով
Շեմս – արևն ելավ` շքեղ, լուսավառ, վարդի, սնդուսի բյուր պարույրներով:

Եվ վեհ արևի ջահերի ներքո փռվեց, ծավալվեց ծիրն անապատի,
Վառ – վառ հուրհրաց, ինչպես տիտանյան հսկա առյուծի ոսկեփառ մորթի:

– Սալամ քեզ, արև, շյուքըր բյուրաբյուր, դու Աստուց հզոր, դու կյանքի աղբյուր,
Դու, իմ անմահ մայր, մայրական դու գիրկ, դու միակ բարի, դու միակ սուրբ, սուրբ:

Տիեզերական դու բաժակ անհուն` ոսկի արբեցման և երանության,
Դու հրճվանքի, հրապույրների հրեղեն գինու դու անհուն օվկիան:

Տիեզերական հազարահանդես դու մեծ խրախճանք, բարի արեգակ,
Ահա իմ հոգին – մի ծարավ բողբոջ, թափիր նրա մեջ գինիդ անապակ:

Քո երջանկությամբ, քո իմաստությամբ, քո հավերժությամբ հարբեցրու ինձ,
Տուր ինձ անցյալի անզարթ մոռացում, լույս անուրջներում քո բուրումնալից:

Հարբեցրու ինձ, հարբեցրու ինձ, քո անմահ գինով հարբեցրու ինձ,
Մոռանամ մարդուն, սուտն ու մռայլը, մոռանամ հավերժ չարիքն ու թախիծ:

Քո վսեմությամբ հարբեցրու ինձ, հարբեցրու ինձ լույս – հիացմունքով,
Խավարների դեմ անհաղթ ախոյան, գարունների մայր, ուրախության ծով:

Դու միակ բարի, դու միակ իմ սեր, դու միայն սուրբ, սուրբ, մայրական դու գիրկ,
Դու հավետ գթոտ, մահը խորտակող, դու գերահրաշ միակ գեղեցիկ:

Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ, հրակոծ սիրով կիզիր, խոցիր ինձ,
Եվ ոսկեճաճանչ վարսերդ շքեղ փռիր ինձ վրա, և գուրգուրիրի ինձ:

Եվ արյունոտիր իմ շրթունքները համբույրիդ խայթով քո հրդեհակեզ,
Երջանկասփյուռ քո լույս – գիրկը բաց, ես սիրաբորբոք թռչում եմ դեպ քեզ:

Եվ թող խլանան իմ ականջները` աղմուկն աշխարհի չլսեմ հավետ,
Հավետ կուրանամ աշխարհի համար, մարդկանց տեսնելու այլ չնայեմ ետ:

Դեպի արևը դարեր ու դարեր թռիր, սլացիր, ազնիվ քարավան,
Նրա լուսեղեն, բոցեղեն գրկում, որ արևանամ և հավերժանամ:

Ոհ, իմ մայր – արև, քո ոսկեփրփուր ծիրանիդ շքեղ ձգիր ուսերիս,
Որ ես հաղթական, լույս փառքերիդ մեջ սրարբած սուրամ դեպի, դեպի քեզ:

Դու Աստծուց հզոր, դու միակ իմ սեր, դու միակ իմ մայր, մայրական դու գիրկ,
Դու միայն բարի, դու միայն սուրբ, սուրբ, դու գերահրաշ, միակ գեղեցիկ…

Post your comment