Ա~խ, ասացին ինձ


… Ա~խ, ասացին ինձ, թե մեռել ես դու,
Մեռել ես վաղուց, մայրի’կ, իմ հոգիս…
Մեռել ես, չըկաս… Ծածկել է հավետ
Անհուն խավարը դեմքըդ թախծանուշ.
Ու հող ես դառնում… Ավա~ղ, այսուհետ
Քեզ չեմ տեսնելու, մայրի’կ իմ քնքուշ…

Սակայն հանապազ, ինձ հետ անբաժան`
Մի անհայտ տեղից, ինձ այնպես մոտիկ,
Գիշեր ու ցերեկ, ու ամեն մի ժամ,
Ամեն մի վայրկյան անծայր կարոտով,
Աչերդ լեցուն սիրով ու գթով`
Անթարթ, անքթիթ հառել ես վրաս,
Սրտով,սրտակից,
Մի’շտ նայում ես ինձ, մի~շտ նայում ես ինձ,
Մայրի’կ, իմ հոգիս…

1918
Լյուցեռն


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *