Դու գնացիր

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 23-04-2013

Tagged Under : ,

Դու գնացիր, – ես մնացի
Բյուր մարդկանց մեջ մեն – մենակ
Սրտիս խորքում դառն լացի,
Խավարն իջավ կըրծքիս տակ:
Թափառում եմ փողոց – փողոց
Այս ծովածուփ քաղաքում.
Զսպված ցավից շրթներս` խոց,
Եվ աստղ չկա իմ հոգում …
1900

Դու նըխշուն նուռ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 22-04-2013

Tagged Under : , ,

Դու նըխշուն նուռ` զառը վըրադ,
Ես քո թուփն եմ, շուքիդ մեջ,
Դու քնքուշ վարդ` վառը վրադ,
Ես տերևդ եմ փըշիդ մեջ:
Վախենամ` թե մի օր էլ գան,
Քեզի քաղեն ու տանին.
Ես թուփ – տերև մընամ չորնամ,
Զարկե գետին ցուրտ քամին…
1899

Դարդը սրտիս

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 21-04-2013

Tagged Under : , ,

Դարդը սրտիս ճամփա ընկա,
Ու մարդ չուզեց հետս գար.
Ծո˜վ ջան, խո՛ր ծով, գիրկդ եկա,
Սրտիս ընկեր, սիրտ չկար:
Էս աշխարհում շա˜տ ման եկա,
Ժեռը գրկի ու լացի.
Ծո՛վ ջան, մե՛ծ ծով, գիրկդ եկա,
Ա˜խ, կարոտ եմ ծով սրտի:
Մեր սրտերով բացվենք իրար,
Տեսնենք ո՞ւմ մեջ շատ դարդ կա.
Ա˜խ, քու սիրտն էլ ինչքա˜ն դառն է,
Իմ սրտիս պես շա˜տ թույն կա …
1898
Օդեսա

Դուման դառավ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 20-04-2013

Tagged Under : ,

Դուման դառավ ծովը բոլոր,
Երկնուց բռնած մուժն առավ.
– Ի՞նչ ման կուգամ միտքս մոլոր,
Սիրտս խոլոր, խոժոռ ցավ:
Ծո՛վ, քեզի տամ հիվանդ սիրտս,
Կուզես լավցու, թե խեղդե.
Մենակ խաբար տուր խեղճ մորս,
Անգութ յարիս չանիծե …
1898
Օդեսա

Դարդը հետս է

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 19-04-2013

Tagged Under : , , ,

Դարդը հետս է, հետըս կուգա,
Ուր որ կերթամ – դադար չունիմ.
Ազիզ յարն էլ, որ ճար չանե,
Ո՞ վ կա դարման դարդոտ սրտին:
Հեռո˜ւ, հեռո˜ւ, հազար ծովեր,
Գլուխս առնիմ, երթամ, կորիմ.
Ցավըս հովին ու ծովին տամ,
Երկրե երկիր երթամ,կորիմ…
Սիրտս ու աշխարհ – դարդ ու դուման,
Ա˜խ, ուր կերթամ – դադար չունիմ.
Չոր գլուխըս չոլում թողնեմ
Անդարձ, անդարձ երթամ, կորիմ…
1898
Օդեսա

Գիշերը պատեց

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 17-04-2013

Tagged Under : ,

Գիշերը պատեց իմ դուռն ու երդիկ,
Եվ օրեր կանցնին ու չի լուսանա.
– Իմ քնքուշ մանկիկ, իմ սիրուն մանկիկ,
Մի՛ դիպչիր սրտիս,- փշրված է նա:
Իմ գլխին պայթեց բախտի գոռ մրրիկ
Ու տունս դարձուց տխուր, վերանա.
– Իմ անուշ մանկիկ, իմ սիրուն մանկիկ,
Մի՛ դիպճիր սրտիս, – փշրված է նա:
Կուգան ու կերթան ճաճանչ ու ծաղիկ,
Ա˜խ, միևնույն է ինձ համար հիմա.
– Իմ քնքուշ մանկիկ, իմ երազ – մանկիկ,
Մի՛ դիպչիր սրտիս, – փշրված է նա …
1911

Գարո՞ւնն է ծաղկել

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 16-04-2013

Tagged Under : , ,

Գարո՞ւնն է ծաղկել իմ շուրջը հիմա,
– Այդ` վառ բուրմունքն է ծով – ծով մազեչիդ.
Արև՞ն է ժպտում իմ սրտի վրա,
– Այդ` հուրհրանքն է հրաշք – աչերիդ:
Երկինքը փռվեց իմ այրվող հոգում,
Իմ սրտի բոլոր լարերը զարթնան.
Թո՛ղ ինձ, իմ արև՛, դու իմ պերճ գարո՛ւն,
Բոլոր լարերով քեզ երգեմ միա՛յն…
1910

Գարունն եկավ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 15-04-2013

Tagged Under : , , , ,

Գարունն եկավ կարմիր – կանանչ,
Արշալույսով, ծիածանով.
Գարունն` հագած շողք ու ճաճանչ`
Գոգն ու ծոցը ծաղիկներով:
Ականջներին թռչունների
Հազար բույրով սեր շըշնջաց. –
Աշխարհ թնդացերգով սիրո,
Ավա˜ղ… գարունն ինձ բան չասաց:
Սիրտըս բացի գարնան դիմաց`
Շողքի, ոսկի, անուշ գարնան. –
Ավա˜ղ… սիրտըս դատարկ մընաց`
Մուրացկանի ափի նըման…
1908
Ղազարապատ

Գիտե՛մ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 14-04-2013

Tagged Under : ,

Գիտե՛մ, խաչըդ ծա՛նր է, հսկա.
Ո՛վ մարդ, ընկեր, եղբայր ի՛մ,
Քեզ մո՛տ, քեզ մո՛տ կուգամ ահա՛.
Կրծքիս սեղմեմ, արտասվիմ:
Ես էլ քեզ պես օր ու գիշեր,
Անհուն, անհույս տանջվել եմ.
Տո՛ւր ձեռքդ ինձ, անգին ընկե՛ր,
– Հառա˜ջ… հասավ ժամն արդեն…
– Հառա՛ջ գնա՛, հպարտ տոկա՛, –
Խաչըդ խարիսխ կդառնա…
1896
Երևան

Գագաթներին մով սարերի

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 13-04-2013

Tagged Under : , , ,

Գագաթներին մով սարերի
Թափառեցի սերըս լալով.
Լացըս քամին զով սարերի
Լսեց, տարավ թևին տալով:
Ու լըսում եմ լուռ գիշերին
Լացըս հիմա ամենուրեք.
Միշտ ծեծում է դուռըդ քամին,
Բայց չես լըսում նրան երբեք…
1906
Ալեքսանդրապոլ