Գիշերն երազով

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 12-04-2013

Tagged Under : , , ,

Գիշերն երազով, զօրը կարոտով`
Նազելի տեսքիդ մընացի անհաս.
Աշխարհը հարբեց քո անուշ հոտով,
Մենակ ես քեզնից մընացի անմաս:
Ա˜խ, գոնե տեղըդ վարդեր ուղարկի՛ր,
Համբուրեմ, դընեմ մարած աչքերիս.
Գոնե վարդերիդ փշերն ուղարկիր, –
Համբուրեմ, գըգվեմ սիրավառ սրտիս…
1904
Ալեքսանդրապոլ

ԳՈՒՐԳԵՆԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 11-04-2013

Tagged Under : , , ,

Գըլգըլալով ջուր է իջնում
Մշու մշուշ սարերեն.
Ծիծեռները ծի˜վ – ծի˜վ եկան
Գարնան գալը երգելեն:
Գարուն չկա հայի համար,
Ծաղիկ, ծիծեռ մեզ պետք չեն.
Գերեզմանս հողին հավսար,
Թո՛ղ փուշ բուսնի իմ վրեն…
Գնա՛, ծիծեռ… թո՛ղ ինձ մենակ`
Վերքը սրտիս` հողի տակ…
Բայց երբ տեսնես թշնամու դեմ
Հայ ժողովուրդ` սարի պես
Զենքը ձեռին հպարտ կանգնած,
Հայե˜ր, լեռնե˜ր իրար պես, –
Ա˜խ, այն օրը արի՛, ծըվա՛,
Գարնան գալը նո՛ր կանչե. –
Հայոց գարնան, որ բյո˜ւ – բարև
Սրտիս խորեն ղողանջե…
1900

Գիշերն եկավ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 10-04-2013

Tagged Under : , ,

Գիշերն եկավ, զով – հովն ընկավ,
Աստղունքն լուսնին ձայն տվին.
Լուսնյակն ելավ, մով – ծովն ընկավ,
Հավքերն ինձի ձայն տվին:
Ես վեր ելա ոգի առած`
Զարկի սրտիս լարերին.
Սիրտս խնդաց, կուրծքս թնդաց –
Եվ լարերը խզվեցին …
-Միայն սիրո լարը մնաց
Սրտիս անհուն խորքերում.
Ու վառ սիրո երգը շողաց
Կյանքիս ամեն ծալքերում …
1893
Լայպցիգ

Գիշերն եկավ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 09-04-2013

Tagged Under : , ,

Գիշերն եկավ, աստղերն ելան,
Լուսնյակն անուշ ցոլցըլաց,
Ծաղկունքն ամեն նո՛ր քուն մտան
Ամպի ցողով, լուսնի շողով
Հարհանդ – մարմանդ քուն մտան:
Դուք է՛լ քնեք, ոսկի աստղեր,
Վարդ ու բլբո՛ւլ, քուն եղե՛ք,
Օրոր – ծովե˜ր, շորոր – հովե˜ր,
Անո՛շ – անո՛շ քուն եղե՛ք:
-Իմ սար – դարդե˜ր, իմ ծով – ցավե˜ր,
Դուք էլ մո՛ւշ – մո՛ւշ քուն եղե՛ք:
1893
Ալեքսանդրապոլ

Գիշեր է, քամի

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 08-04-2013

Tagged Under : , ,

Գիշեր է, քամի.
Բաց լուսամուտես
Փոշի կըմաղվի
Մութ սենեկիս մեջ…
Հիվանդ ու մենակ
Պառկած եմ մահճում,
Բարձս գլխիս տակ –
Կրակ վառվռուն:

Դուրսը, չգիտեմ,
Անձրև՞ է գալիս,
Թե՞ գլխիս վերև
Խեղճ մայրս է լալիս…
Ու դողդոջ մի ձեռք,
Ինձ կըթվա թե
Դալուկ երեսիս
Հող կոթափթփե…
1915
Բեռն

Գերեզմանըս անհայտ լինի

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 07-04-2013

Tagged Under : , ,

Գերեզմանըս անհայտ լինի,
Վերաս քամին շառաչե.
Վերաս խա՛չ, քա՛ր թող չըլինի,
Մենակ ուռին հառաչե:
Ա˜Խ, աշխարհում մարդկանց ձեռեն
Խաչեր շա˜տ եմ, շատ տարել.
Ու վաղո˜ւց էլ սրտիս վրեն
Կան շա˜տ ծանըր, սև քարեր…
1899

Գետակի վրա

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 06-04-2013

Tagged Under : , ,

Գետակի վրա
Թեքվել ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: –
…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:
Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…
1916
Ռոզոն

Գիտե՛մ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 05-04-2013

Tagged Under : ,

Գիտե՛մ, երկիրը շա˜տ դարեր հետո
Եվ պիտի սառի, ճողք – ճեղք պատառվի.
Եվ այն սառցի տակ, մութ վիհերի մեջ
Մարդկությունը ողջ` մեռնի ու թաղվի –
Ա˜խ, սիրտը գո՛նե տիեզերքի մեջ
Հավերժ տըրոփե˜ր…
1899

ԲԻՆԳՅՈԼ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 01-04-2013

Tagged Under : , , ,

Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի.
Շարվե շարան անցան զուգված ուղտերը,
Յարս էլ գնաց յայլաները Բինգյոլի:
Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
Նազուկ մեջքին, ծով – ծամերին կարոտ եմ.
Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ,
Սև աչքերով էն եղնիկին Բինգյոլի:
Պա˜ղ – պա˜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացվի.
Ծուփ – ծուփ ծաղկունք, լացող աչքս չի բացվի.
Դեռ չտեսած յարիս,- սիրտըս չի բացվի,
Ինձ ի˜նչ, ավա˜ղ, բլբուլները Բինգյոլի:
Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ,
Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ.
Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանոթ չեմ,
Քույրիկ, ասա, ո րն է ճամփան Բինգյոլի:

1941
Երևան

Բախտը ինձնից թըռավ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 01-04-2013

Tagged Under : , , ,

Բախտը ինձնից թըռավ, գնաց
Վերջալույսի շողերի պես.
Հույսը միայն մոտըս մնաց,
Մոտըս մնաց անուշ մոր պես:
Եկեք, փռվեք դաշտ ու հովիտ,
Արշալույսի վառ ճաճանչներ
Հարցնեմ` ասեք – ո՞ւր են չըկան
Մեր ընկերներ ու ճանանչներ;
Ո՞ւր գնացիք, օրեր շքեղ,
Սեր ու խնդում, երգ ու երազ.
Արդ մահն է իր նետերն ահեղ
Ամեն կողմից լարել վերաս:
Ո՞ւր գնացիք աշնան քամու
Բերանն ընկած տերևի պես.
Մի՞թե նորից չեք դառնալու
Գարնան զվարթ ջրերի պես:
1912
Ցյուրիխ