ԴՈՒ ՉԵՍ ՀԱՍԿԱՆԱ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 27-04-2013

Tagged Under : , , ,

Չեմ տեսնում շքեղ զարդերը գարնան,
Վշտից խավարեց գոհարն աչքերիս.
Ծանրացավ աշխարն ուսերիս վրա,
Զուր ես հարցընում պատճառը վշտիս:
Ես` զավակ ճնշված ուդժբախտ ազգի,
Որ արյունով է իր ուղին թրջում.
Որ դարե˜ր, դարե˜ր թափը իր բազկի
Շղթան է կրծում ժանգոտ, շառաչուն:
Շղթան շառաչուն, ծանըր ու ժանգոտ,
Ինձ տապալել է, կաշկանդել գետնին.
Ինձ տրորում են անցնող ու դարձող,
Դո՛ւ մի կարեկցիր իմ անհուն վշտին:
Իմ մոր սուրբ խոսքը – ծաղրի նշավակ,
Իմ հայրենիքը – սիրտըս ու հոգիս –
Եվ հոշոտում են, պղծում ոտնատակ,
Դու չես ըմբենի անդունդը վշտիս …
Ես` զավակ ճնշված ու փոքրիկ ազգի,
Սրտիս արյունով մեծ վիշտս եմ գրում.
Վերքը անդարման իմ հայրենիքի
Իմ բյուր խոցոտված սրտումս եմ կրում:
Սիրե˜լ, երազե˜լ, թռչել եմ ուզում,
Բայց շղթան ինձ պինդ գամել է գետնին.
Կուռ լուծը ազգիս` ուսերս է փշրում,
Չես կարող հասնել իմ անափ վշտին:
Տիեզերական զայրույթով, թույնով
Արդ` ես ինքըս ինձ խայթում եմ ահա՛,
Թո՛ղ մեռնիմ, կորչիմ անհետ, անանուն,
Իմ անհույս վիշտը դու չես հասկանա …
1908
Թիֆլիս

Post your comment