Առավոտ պահին

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 19-03-2013

Tagged Under : , , ,

Առավոտ պահին
Դալար դաշտերում
Իմ մանկան հետ
Պտույտ եմ անում:
Ծաղիկների հետ
Խոսում է տղաս,
Որոնց հետ ե՛ս էլ
Զրույց եմ արած:
Վայրկյանը` ծանր,
Օրերը` թեթև,
Տարիներն անցան
Իրարու ետև:
Ու աշխարհն աչքիս
Դառնում է երազ.
Երեկ ես էի,
Այսօր` երեխաս:
Եվ վաղը, ասես,
Մի աչք մթագնած
Լուռ գերեզմանից
Հառել է վրաս…
1914
Բեռլին

Առավոտուն ծով ճաճանչում

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 14-03-2013

Tagged Under : , ,

Առավոտուն ծով ճաճանչում
Արտուտն ուրախ ճախրում է վեր,
Ցավ ու խավար չի ճանաչում`
Երգում է լույս, երգում է սեր:
Իսկ իմ սիրտը տխուր ու սև՛,
Շուրջըս` ավեր ու ցավեր.
Եվ իմ վշտոտ գլխի վերև
Արտուտն ուրախ երգում է սեր…
1905