Ա˜խ, մի անգամ ոսկետերև աշունքին

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 24-03-2013

Tagged Under : , ,

Ա˜խ, մի անգամ ոսկետերև աշունքին
Անցնում էի ծայրամասով քաղաքի,
տեսա երեք ղասաբներ`
Խիճուտ ափին քաղցրամրմունջ գետակի,
Մորթում էին քսանի չափ գառնուկներ:
Երկու գառի գլուխն արդեն կտրած էր,
Իր արյան մեջ թփրտում էր մեկը դեռ,
Իսկ ղասաբը ծխամորճը շրթունքին,
Չորրորդ գառին` աղիողորմ լացի մեջ`
Գետնին սեղմել` սպանում էր եռանդով.
Մյուս գառները զարհուրանքից կարկամած`
Նայում էին խոր ու անթարթ աչքերով
Մորթվող եղբորն ու ղասաբի դանակին,
Եվ ողջ մարմնով դողում էին, սրսփում.
Բայց մանավանդ տոտիկները նրանց նուրբ
Դողո˜ւմ էին, դողո˜ւմ էին սաստկագին…
1939

Ասում են

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 22-03-2013

Tagged Under : , , ,

Ասում են, թե` դու այնպես
Մոռացել ես ինձ այնպես,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս:
Բայց, նազելի՛ս, ձեր բակում
Այն լորին է դեռ ծաղկում,
Որի քնքուշ բույրի մեջ
Քեզ գրկեցի սիրատենչ:
Ու գրկիս մեջ այսօր դեռ
Կիզող կրակ է վառվել,
Իսկ երբ անունդ են տալիս,
Սիրտս արյուն է լալիս:
Ա˜խ, իրա՞վ է` դու այնպես
Մոռացել ես ինձ այնպես,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս…
1923
Վենետիկ