ԱՌԱՋԻՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 20-03-2013

Tagged Under : , , ,

Գարնան արևը անհուն համբույրով
Դուրս կոչեց կյանքի ծլին ու ծաղկին,
Եվ մանուշակը կապույտ աչերով
Անմեղ, միամիտ ժպտաց ամենքին:
Եկավ զեփյուռը շշնջաց նրա
Կույս ականջներին և սահեց գնաց,
Եկավ թիթեռը, թռվռաց նրա
Նազելի գրկում և թռավ գնա˜ց;
Եվ մանուշակը նրանց ետևից
Մնաց նայելով… խաբող ցնորքներ.
Եվ ընկան նրա աչքերից անբիծ
Առաջին սիրո մաքուր արցունքներ:
1919

Ա˜խ, իմ սիրուս

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 13-03-2013

Tagged Under : , ,

Ա˜խ, իմ սիրուս վառ գարունը թոշնեցավ,
Զառ վարդերս կոկոններում մընացին.
Դալար սրտիս սուրբ արցունքը քարացավ
Ու ծանրացավ սրտիս վրա դառնագին:
Մեռի՛ր, գընա՛… առանց քեզ էլ կյանքը կա,
Ուրիշ վարդեր կըշողշողան գարունքին.
Ուրիշ շըրթներ գուցե վաղը կամ հիմա
Կըհամբուրեն քո սիրածին կաթոգին…
1904

Աշնան պղտո՛ր…

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 01-03-2013

Tagged Under : , , ,

Աշնան պղտո՛ր, պղտո՛ր ամպեն
Արցունքի պես թոն կըգա.
Ա˜խ, ո՞ւր կերթա իմ սև ճամփեն,
Ա՛յ բախտ, մի՞թե վերջ չըկա:
Արդյոք վշտոտ, չոր գլուխըս
Ո՞րտեղ պիտի քուն մտնի.-
Սիրած, կարոտ սրտի՞ վրա,
Թե՞ դաշտի մեջ ամայի…
Ա˜խ, աչքերըս ո՞վ պիտ ծածկե,-
Անգին մա՞յրըս` համբույրով,
Թ՞ե ձյունն ու հող` քամին ծածկե
Տատրակների վույ – վույով:
1897
Հառիճ