Ես աշխարհի մեջ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 14-05-2013

Tagged Under : ,

Ես աշխարհի մեջ երազն եմ սիրել –
Քո շուշան հոգին, քո հոգին քնքուշ,
Եվ չեմ տենչացել երբեք քեզ տիրել –
Քո շուշան հոգին, քո հոգին քնքուշ:
Աղբյուրի նման արցունք եմ ցողում`
Քո ճամփու վրա վարդեր վառելով,
Անձնազոհ մոր պես սրտագին դողում`
Քո բախտի համար լուռ այրվելով:
Երբ գիշեր կուգա, դու կըմտնիս քուն,
Քո շեմքն է, քուրի՛կ, իմ բարձը քնքուշ,
Իմ սուրբ երազն է – շքե՛ղ, շողշողո՛ւն,
Աչերդ` պայծա՛ռ, աչերդ` անո՛ւշ:
1909

Բախտը ինձնից թըռավ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 01-04-2013

Tagged Under : , , ,

Բախտը ինձնից թըռավ, գնաց
Վերջալույսի շողերի պես.
Հույսը միայն մոտըս մնաց,
Մոտըս մնաց անուշ մոր պես:
Եկեք, փռվեք դաշտ ու հովիտ,
Արշալույսի վառ ճաճանչներ
Հարցնեմ` ասեք – ո՞ւր են չըկան
Մեր ընկերներ ու ճանանչներ;
Ո՞ւր գնացիք, օրեր շքեղ,
Սեր ու խնդում, երգ ու երազ.
Արդ մահն է իր նետերն ահեղ
Ամեն կողմից լարել վերաս:
Ո՞ւր գնացիք աշնան քամու
Բերանն ընկած տերևի պես.
Մի՞թե նորից չեք դառնալու
Գարնան զվարթ ջրերի պես:
1912
Ցյուրիխ

Արևի տակ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 23-03-2013

Tagged Under : , ,

Արևի տակ սոսկ մի օր է լինելու,
Որ ինձ համար բախտավոր է լինելու,
Բայց այդ օրը զգալու չեմ ես, ավա˜ղ,
Որովհետև մեռած օրս է լինելու:
1932
Փարիզ