Բաշերն ալեծո՛ւփ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 31-03-2013

Tagged Under : , ,

Բաշերն ալեծո՛ւփ, բաշերն հողմակո’ծ
Ազատ դաշտերով նժույգս է թըռչում,
Եվ սմբակներից բըխում է հո՛ւր – բո՛ց
Դաշտերն են թնդում, վախ առած փախչում:
Ազատամարտի հրդեհից կըգամ,
Ուր կուրծքն ոմ ճեղքել թշնամու դժխեմ.
Դրոշն է ձեռքիս վեհ ազատության.
Եվ հաղթանակի երգերով վսեմ:
Արյուն է ծորում սրես ոխերիմ.
Դրոշն է ծըփում ոսկե ամպերում –
Չար բռունցքի տակ հեծող աշխարհքին
Նոր գարունների համբավն եմ բերում:
Նժույգս է թռչում բաշերն հողմակոծ,
Եվ շառաչում են սանձ ու ասպանդակ,
Զրահս է շաչո՛ւմ, բխո՛ւմ հուր ու բոց,
Զի˜լ շառաչում են սանձ ու ասպանդակ:
Այս շղթաներն են շառաչում ոտքիս,
Օ˜, թռի՛ր, նժույգ, այս քարե պարկից,
Այս մըռայլ բանդի կամարն է կըրծքիս,
Մի՛ կանգնիր, նժույգս, սլացի՛ր արագ…
1909
Ղազարապատ

Բանդիս վըրա

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 28-03-2013

Tagged Under : ,

Բանդիս վըրա, սըրտիս վըրա
Արծիվն երեք փաթ տըվավ,
Թափ – ծափ տալով թևերն հըսկա,
Կանչեց բարձըր ու թըռավ:
– Հե˜յ, Արազը` ծըփանք տալով,
Արտուտների հետ կուգա.
Ալագյազը ծաղկունքներով,
Զառ ու զըմրուխտ, ալվալա:
Երթամ, զարնեմ կուրծքս Արազին,
Անուշ ու զով ջուր խըմեմ,
Ալագյազի թևքին նըստիմ,
Ազա˜տ, հըպա˜րտ երգս ասեմ…
1897
Երևան

Բանդըս բացե՛ք

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 28-03-2013

Tagged Under : , ,

Բանդըս բացե՛ք, ազատ թըռնեմ,
Ազա՛տ գոնե մեն – մի օր.
Մութ ժեռերի մարալի հետ
Ընկնիմ մենակ սար ու ձոր:
Վառ արևի շթղքը բալզամ
Անհագ խմեմ ու ծըծեմ.
Անո՛ւշ երգով սիրտըս բանամ
Լալ ու լազուր երկնի դեմ:
Զառ ու զարբաբ ծաղկանց միջով
Լուռ ծըմակի խորքն ընկնիմ.
Ա˜խ, աղբո՛ւր ջան, քու նանիկով
Գըրկեմ վարդերն ու մեռնիմ…
1897
Երևան