Եղնիկները լուսաբացին

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 27-06-2013

Tagged Under : , , , , ,

Եղնիկները լուսաբացին
Սուր ժեռերով անցկեցան,
Փրփրած լճին մեղմ նայեցին,
Լռիկ – մնջիկ անցկեցան:
Ա˜խ, իմ սերս` կանանչ – կարմիր,
Դառավ ինձի ցավ ու ցեց.
Ա˜խ, իմ կյանքս` զառ – վառ կարմիր,
Վիշտս կերավ ու մաշեց:
Ես ի՞նչ անեմ, ես ո՞ւր չքվիմ –
Ընկնիմ չոլերն ամայի. –
Երնե˜կ մեռնիմ, ու սիրտս ուտեն
Գել ու գազան ամեհի:
Ա˜խ, եղնիկներ, դադար չունեմ,
Սիրտս` կրակ վառ – վառման,
Մարդիկ կուգան, ինձ կնայեն
Լռիկ – մնջիկ կանց կենան …
1897
Ալեքսանդրապոլ

Անմահ արևի

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 16-03-2013

Tagged Under : , , , ,

Անմահ արևի վառ գգվանքի տակ
Փռված հոլանի` ծովն է շողշողում.
Լեռների գլխին բյուրեղյա պսակ,
Շուրջը ամպերի երամն է լողում:
Ու կռունկների քարավանը նորից
Անուշ կարկաչով գարունն է բերում.
Ջերմ շունչն է ելնում տա˜ք, փխրուն հողից,
Ժայռի ծերպերից մեխակն է բուրում:

Եվ ղողանջում է անտառը դալար,
Քաղցր դայլայլում թփից մի թռչուն. –
Սիրտս ցնծում է, հազար ու հազար
Երգով ու շողքով գարնան դեմ թռչում:
Թռչում եմ արագ թեթև հովի հետ,
Հզոր կաղնու մեջ աճում եմ հպարտ.
Ծաղկի, եղնիկի, թիթեռնիկի հետ
Ծաղկում եմ, շնչում, ոսոստում ազատ:
Ծովն է սրտիս մեջ ծփում երազով,
Զգում եմ ես ինձ առվի, ժայռի հետ.
Տիեզերքը մեծ` լցվում է ինձնով,
Մեկ եմ զգում ինձ երկրի, երկնի հետ:
Անհուն հիացքով սիրտըս է զարկում,
Խորին ցնծությամբ ողջունում եմ ես
Եվ օրհներգում եմ և գրկախառնվում
Մեծ և անսահման բնությանն հավերժ…
1908