Ապրած իմ կյանքից

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 16-03-2013

Tagged Under : , , ,

Ապրած իմ կյանքից
Մի սուրբ երազի
Բուրմունքը մնաց
Սրտումս անմոռաց –
Այն որ` ջերմ լացի
Առանց տանջանքի,
Խորունկ սիրեցի
Առանց տենչանքի…
1907

Ագռավների գորշ թևերով

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 15-03-2013

Tagged Under : , , ,

Ագռավների գորշ թևերով
Աշունն եկավ միգաբեր
Ծաղիկ – սարե˜ր, երթաք բարով,
Դո՛ւք էլ, զանգակ – աղբյուրներ:
Ունայն քամին դուռս է ծեծում
Դալուկ ձեռքով կմախքի. –
– ‹‹Ե՛լ, դուռդ բաց, զուր ես հեծում.
Տերն է եկել աշխարքի:
Տերևներդ, կանգնի՛ր, թափ տամ,
Կյանքիդ աշունն է հիմի:
Երազներդ ցրվեմ, երթամ, –
Այս է ուղին ամենի…››:
1906

Անապատում, միրաժի մեջ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 13-03-2013

Tagged Under : , ,

Անապատում, միրաժի մեջ մի բեդվին
Շողքն է տեսել մի աղջըկա գեղեցիկ,
Եվ փնտրում է հոգեսըլա՛ց, տենչագին
Ծով – կարոտով ա՛յն աղջկան գեղեցիկ:
Եվ ծարավուտ անապատում հըրավառ,
Տատասկներում, արևի տակ բոցափայլ
Փնտրում է նա՛ նրան անվե՛րջ, անդադա՛ր
Եվ մեռնում է վեհ սիրո մեջ հոգեզմայլ;
Եվ քընի մեջ – աննյութական, անվախճան,
Տեսնում է նա այնպե˜ս քնքո՛ւշ ու սիրուն
Շողքը չըքնաղ այն նազելի աղջկան
Եվ փնտրում է նրան հավերժ երազում…
1904