Բադերը վայրի թռան շվարած

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 30-03-2013

Tagged Under : , , , ,

Բադերը վայրի թռան շվարած. –
Ո՞վ է արշավում մռայլ գիշերով.
Մրըրկի նման նժույգին նստած –
Ես եմ սլանում նիրհած դաշտերով:
Թռնիմ խոր երկինք, դեպ աստղերն անշեջ
Եվ սիրտս բանամ անհունության դեմ.
Ես սուզվել կուզեմ գոռ ամպերի մեջ
Եվ կայծակներով զարկըվել կուզեմ:
Գըծո՛ւծ ու նանիր մարդկանցից հեռո˜ւ,
Վախկո՛տ, նենգամի՛տ, կեղծ ու դավաճան,
Ստոր ու ստրուկ աշխարհից հեռո˜ւ,
Նյութին միշտ գերի, ագա՛հ ստության;
Աշխարհը չարժե քո արտասուքին,
Եվ կինն ու ընկեր` գգվանքիդ այդ ծով, –
Անապատ գնա՛ – սիրի՛ր վագրերին,
Եվ այրվիր անմահ արևի սիրով…
1905

ՉՈՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ – ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Աբու Լալա Մահարի, Պոմներ | Posted on 07-03-2013

Tagged Under : , , , , , ,

Գիշերն ահարկու` և սև, և հսկա մի չղջիկի պես թևերը փռեց,
Անծիր թևերը իջան, ծածկեցին քարավանն, ուղին և դաշտերն անափ:

Եվ հորիզոնից մինչև հորիզոն երկինքը լցվեց մռայլ ամպերով,
Չէին շողշողում լուսինն ու աստղեր, խավարն` ասես թե` պատած խավարով:

Եվ հողմերն ահեղ` նժույգների պես` սանձարձակ, վայրի արշավում էին,
Հորձանքներ տալով, և հողն ու փոշին այրված դաշտերից խառնում ամպերին:

Եվ մահասարսուռ շառաչում էին, և աղաղակում հազար ձայներով,
Ասես, վիրավոր գազաններ էին, մռնչում – ոռնում հողմի բերանով:

Նեղ ձորերի մեջ գալարվում էին և արմավենու անտառներում կույս
Հեծեծում էին հողմերը տխուր, որպես թե` մի սիրտ լաց լիներ անհույս:

– Գնա, քարավան, հողմերի դիմաց աննկուն քայլիր աշխարհի եզրը. –
Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու – Մահարին, մեծ բանաստեղծը:

Շաչեցեք գլխիս, ամեհի հողմեր, դուք, մրրիկներ, պայթեցեք գլխիս,
Ես բաց ճակատով ձեր դեմ եմ կանգնած, ես վախեցող չեմ, զարկեցեք ճակտիս:

Ես ետ չեմ դառնա ժանտ քաղաքները, ուր բազմաժխոր կրքերն են եռում,
Ոստաններն արյան, ուր մարդը դաժան իմ նմաններին է միշտ պատառում:

Իմ անտուն գլուխ, տուն չես դառնա դու, ինքդ մարեցիր երդըդ հայրենի,
Վայ նրան, ով որ տուն ու տեղ ունի, կապված է շան պես իրեն տան շեմին:

Արշավեք հողմեր, իմ հոր տան վերա, քանդեք, ավերեք հիմերը նրա,
Եվ փոշին ցրեք մեծ աշխարհով մեկ, – անծայր ճամփան է իմ տունը հիմա:

Մանկությունն է իմ սերը հիմա, երկինքն աստղաբիբ – վրանս հայրական,
Եվ քարավանն է ընկերս հիմա, և իմ հանգիստը` ուղիս անկայան:

Դու, կախարդ ուղի, հավիտյան անհայտ, հավիտյան դյութող իմ նոր հայրենիք,
Տար ինձ, իմ սիրտը` հավիտյան լացող` այնտեղ, ուր բնավ չեն եղել մարդիկ:

Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը` ձեռիդ,
Որ քեզ չլլկեն, քեզ չհոշոտեն թե բարեկամըդ և թե թշնամիդ:

Բարեկամներից հեռու տար դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պես
Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես` կմոռանան քեզ:

Իմ խոր վերքերը ո՞վ կնյութեր ինձ, թե չլինեին ընկեր, բարեկամ,
Որոնք համբույրով սիրտս բացեցին, որոնք համբույրով խայթեցին նրան:

Բյուր կեղծիք ունի իր ակունքի մեջ համբույրը մարդկանց, համբույրն ընկերի,
Որով որսում է գաղտնիքը սրտիդ և դարձնում է քեզ հավիտյան գերի:

Ի՞նչ է ընկերը և բարեկամը` նենգ ու դրուժան, չարակամ ու վատ:
Իմ հոգում մեռավ սիրո մի երկինք, մի վառ արեգակ, և սեր, և հավատ:

Բարեկամն ի՞նչ է – լավիդ նախանձող, քայլիդ խուզարկու, բամբասող, ագահ,
Ծանոթ շները չեն հաչում վրադ, ծանոթ մարդիկ են հաչում քո վրա: –

Հողմերն անհեթեթ ջինների նման` Աբու – Լալայի խոժոռուն դեմքին
Քրքջում էին, ծափ տալիս, ծաղրում և ապարոշից քաշքշում ուժգին:

Եվ քղանցքներից կախ էին ընկնում, և աչքերի մեջ Աբու – Լալայի
Շաղ էին տալիս բուռերով փոշի և կտրում թելը նրա խոհերի: