Բարև կուտամ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 29-03-2013

Tagged Under : , , ,

Բարև կուտամ, չես առնի,
Ոտքիդ կոխած հողն եմ, յար.
Սիրտըս անխիղճ մի՛ ճմլի,
Չե ո՞ր միջին դուն ես, յար:
Քանց սարյակի թևը սև
Իմ աչքերը շա՛տ են սև,
Աչքն էլ սրտի հայելին է,
Չէ՞ որ սիրտս էլ շա՛տ է սև˜:
1900
Ցյուրիխ

Ա˜խ, ինչքա˜ն

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 26-03-2013

Tagged Under : , ,

Ա˜խ, ինչքա˜ն, ինչքա˜ն կուզեի լինել
Զինվոր հասարակ.
Հայության բոլոր ոսոխների դեմ կռվեի անդուլ
Անիի հզոր պարիսպների տակ:
Եվ հուր վրեժով
Զարկեի դարե՛ր, զարկեի դարե՛ր,
Եվ բյուր վերքերով
Ընկնեի վսեմ պարիսպների տակ.
Սիրտս խաղաղվեր, հանգչեի հավերժ
Անիի անմահ պարիսպների տակ…
1955
Դեկտեմբերի 12

Ա՛խ, սիրտս անմեր

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 12-03-2013

Tagged Under : ,

Ա՛խ, սիրտս անմեր ու սիրտս անմեր
Որբուկի նման,
Զօր – գիշեր կուլա, քուն – դադար չունի.
Ու ինչպես մորը, հարազատ մո˜րը, –
Սիրուս կըկանչե,
Որ գիրկըն ընկնի, ծով – կարոտն առնի…
Սերս մեռեր է ու կանանչ մեռեր,
Է՛լ հետ չի դառնա, –
Իմ խե՛ղճ, իմ ո՛րբ սիրտ, ինչքա˜ն մորմոքիս,
Է՛լ քեզ գուրգուրող ու քեզ գուրգուրող
Ազիզ մեր չըկա,
Ու նանիկ ասող, ար անո˜ւշ քնիս…
Ա˜խ, առանց ծաղկի ու առանց վարդի
Իմ գարունն անցավ,
Ու խեղճ բլբուլս շա˜տ կանուխ լռեց.
Էն սև˜ ուրուրը ու սև˜ ուրուրը
Չոր գլխովըս անցավ,
Բլբուլըս անհուն թևերը թափեց…
Է˜խ, իմ դարաքաշ ու իմ դարաքաշ
Չոր գլուխս առնեմ,
Գա՛մ թափառելու ափերդ, Արա՛զ.
Քարե – արցունքըս
Ջրերուդ խառնեմ,
Լա՛մ թափառելով ափերըդ, Արա՛զ…

1903

Ա˜խ, իմ սիրտըս

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 02-03-2013

Tagged Under : , ,

Ա˜խ, իմ սիրտըս, վա˜խ, իմ սիրտըս
Օրուց – մանկուց հալավ – մաշավ…

Աշխարհ մտա, վարդ սիրեցի,
Անսեր վարդը սիրտըս ծակեց.
Մենակ ապրա, արուն լացի,
Աստղս էլ երկնում թառամեց…
– Ծո’վ, սիրտըդ բա՛ց, – բա’ց խորն ու լայն,
Շա˜տ դադրած եմ, ծոցըդ կուգամ…

1897
Ալեքսանդրապոլ