Ես ծերացա

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 27-06-2013

Tagged Under : , , ,

Ես ծերացա … մի՛ զարմանար,
Որ ես թեև դեռահաս,
Թեև դեմքըն իմ վշտահար
Նոր է գգվում աղվամազ:
Մի՛զարմանար … մտքով արդեն
Ես մեր կյանքը ապրեցի.
Ցնորքներում, որպես կյանքում,
Ես կռվեցի, սիրեցի:
Եվ ցնորքում ի˜նչ տագնապով
Ես կյանքն էի ընդգրկում.
Եվ գրկեցի. ի՞նչ – արյան ծով,
Լոկ գոյության մաքառում:
1892
Ալեքսանդրապոլ

Ավիկին

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 26-03-2013

Tagged Under : , ,

Կյանքիդ ուղին լինի պայծառ,
Ամեն քայլդ` ազնիվ, արդար:
Լինես խոհուն, լինես գիտուն,
Եվ ունենաս սիրտ զգայուն:
Լինես բարի և անբասիր,
Ընկերներիդ սրտով սիրես,
Երբ քեզ տեսնեն` ուրախանան:
Միշտ օգնելու լինես պատրաստ
Տանջվող մարդուն և ընկերին:
Անդավաճան, անհուն սիրով
Հայրենիքիդ լինես պաշտպան.
Եթե նրա սիրո համար
Մի սխրալի գործ կատարես-
Չըհոխորտաս, լինես խոնարհ,
Եվ իր պարտքը ճիշտ կատարած
Մարդու նման` խիղճդ անդորր,
Ապրես ուրախ ու բախտավոր:
Եվ մեն – մենակ, տարին մի օր
Այցի ելնես մամռոտ շիրմիս,
Կանգնես լռիկ, խորհես մի պահ,
Իմ կաթոգին սիրած տղա:
1954
Երևան

Ապրած իմ կյանքից

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 16-03-2013

Tagged Under : , , ,

Ապրած իմ կյանքից
Մի սուրբ երազի
Բուրմունքը մնաց
Սրտումս անմոռաց –
Այն որ` ջերմ լացի
Առանց տանջանքի,
Խորունկ սիրեցի
Առանց տենչանքի…
1907