Այցի եմ գալիս քեզ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 21-03-2013

Tagged Under : , , , , ,

Այցի եմ գալիս քեզ մոտ ես հաճախ,
Նստում եմ դեմըդ` հանգիստ ու խաղաղ.
Զրույց ենք անում երկա˜ր միասին,
Հազար նյութերի, հարցերի մասին:
Եվ սիրո մասին խոսում եք նույնպես,
Բայց խիստ անտարբեր ձևանում եմ ես,
Վրադ չեմ նայում, չեմ լսում ստեպ,
Որպես թե անհույզ, սառն եմ քո հանդեպ:
Բայց հալվում եմ ես սիրուց բոցակեզ.
Ուզում եմ գրկել ու համբուրել քեզ.
Հազիվ զսպում եմ մըրրիկը սրտիս,
Ա˜խ, սակայն հոգիս բերանս է գալիս…
1919

Ա˜խ, իմ սիրուս

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 13-03-2013

Tagged Under : , ,

Ա˜խ, իմ սիրուս վառ գարունը թոշնեցավ,
Զառ վարդերս կոկոններում մընացին.
Դալար սրտիս սուրբ արցունքը քարացավ
Ու ծանրացավ սրտիս վրա դառնագին:
Մեռի՛ր, գընա՛… առանց քեզ էլ կյանքը կա,
Ուրիշ վարդեր կըշողշողան գարունքին.
Ուրիշ շըրթներ գուցե վաղը կամ հիմա
Կըհամբուրեն քո սիրածին կաթոգին…
1904