Այցի եմ գալիս քեզ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 21-03-2013

Tagged Under : , , , , ,

Այցի եմ գալիս քեզ մոտ ես հաճախ,
Նստում եմ դեմըդ` հանգիստ ու խաղաղ.
Զրույց ենք անում երկա˜ր միասին,
Հազար նյութերի, հարցերի մասին:
Եվ սիրո մասին խոսում եք նույնպես,
Բայց խիստ անտարբեր ձևանում եմ ես,
Վրադ չեմ նայում, չեմ լսում ստեպ,
Որպես թե անհույզ, սառն եմ քո հանդեպ:
Բայց հալվում եմ ես սիրուց բոցակեզ.
Ուզում եմ գրկել ու համբուրել քեզ.
Հազիվ զսպում եմ մըրրիկը սրտիս,
Ա˜խ, սակայն հոգիս բերանս է գալիս…
1919

Անհայտ ծովերի

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 17-03-2013

Tagged Under : ,

Անհայտ ծովերի լազվարթ ափերում
Լուսեղեն մի բախտ միշտ կանչում է ինձ. –
Ես դեգերեցի մոտիկն ու հեռուն,
Չըգտա նրան, որ կանչում է ինձ:
Բայց հոգիս չունի ոչ մի հանգրվան,
Նորից թովում է ինձ ոսկե հեռուն, –
Զմրուխտ երազնե՛ր, – անհաս հավիտյան,
Զմրուխտ հեքիաթնե՛ր, ձեզ չեմ հավատում…
Եվ հոգիս հոգնած նիրհում է հիմա,
Մի՛ արթնացրու, երազում է նա…
1909