Ետ դառնար հիմա

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 27-06-2013

Tagged Under : , , ,

Ետ դառնար հիմա հասակըս մատաղ,
Լինեի նորից այն խենթ պատանին,
Երգը` շրթունքիս, և սիրտըս ուրախ,
Սանձեի նորից հորըս կապույտ ձին,
Եվ խոլ ձորերով, կատարներով վես,
Սուրող գետերի շառաչյունի հետ
Թռչեի չքնաղ իմ սիրածին տես,
Որպես մի վառված անվեհեր ասպետ:
1942

Անտուն քամու պես

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 12-03-2013

Tagged Under : , , ,

Անտուն քամու պես փակ դուռըդ, գիտե՞ս,
Ես շատ եմ ծեծել ու դու չես բացել.
Սարերն եմ ընկել վշտից խելագար
Ժայռերին զարկվել ու շատ եմ լացել:
Սարերն են վկա, որ օրից մի օր
Վատ չեմ խոսացել, գանգատվել քեզնից.
Ավա˜ղ, լցրել եմ լացով սար ու ձոր,
Բայց չեմ գանգատվել, բամբասել քեզնից:
1904

ԱՐԱԶԻՆ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 05-03-2013

Tagged Under : , , , ,

Մեր սարերեն, խո՛ր ձորերեն
Պըղտո˜ր – պըղտո˜ր կուգաս, Արա’զ,
Մեր սրտերեն, խո՛ր աչքերեն
Արուն քամեր, կերթա՛ս, Արա՛զ…
Մեր սարերեն, մո՛ւթ ձորերեն
Ոլո˜ր – մոլո˜ր կերթաս, Արա˜զ,
Ա˜յ, սարե˜ր, ջան սարե˜ր,
Ալմաստի՛ սարեր…
Քանի˜ հարուր – հարուր տարի
Մեր սրտերեն ելեր, կերթաս.
Մեր դարդերով, մեր ցավերով
Խոլո˜ր – մոլո˜ր կերթաս, Արա’զ.
Մեր սարերեն, մո’ւթ ձորերեն
Մեր դարդերով կերթա˜ս, Արա’զ,
Ա˜յ սարեր, Հայ – սարե˜ր,
Ջան անո˜ւշ սարեր…
Ու դարերով, մեր դարդերով
Էս աշխարհի քար – ապառաժ,
Անգութ խըղճին միշտ զարնելով`
Տըխուր – տըրտում կերթաս, Ար˜ազ…
Մեր սարերեն, խոր ձորերեն
Արուն քամեր, կուգա˜ս, Արա˜զ.
Ա˜յ սարե˜ր, ջա˜ն ձորե˜ր,
Ջավահի˜ր սարե˜ր…
Ա˜խ, աշխարհը անխըղճմտանք
Քեզ չի գըթա, ազիզ – Արա՛զ,
Քու բողոքին, քու մորմոքին
Չի էլ լըսի, արնոտ Արա՛զ…
Մեր սարերեն, խոր սրտերեն
Տըխուր – տըրտում կերթա˜ս, Արա˜զ.
Ա˜յ սարե˜ր, Հայ ձորեր,
Զմրուխտի սարե˜ր.
Դուն էլ, Արա՛զ, մեր արունով
Էս աշխարհի խըղճի վըրա
Դիզվի՛ր, դարձի՛ր սև – դառըն ծով, –
Թո՛ւյն ու արո՛ւն, ազիզ –Արազ…
Մեր սարերեն, մեր սըրտերեն
Արուն քամեր, կերթա˜ս, Արազ.
Ա˜յ սարեր, Հայ սարե˜ր,
Ջա˜ն, անուշ սարե˜ր,
Ալմաստի սարե˜ր…
Վիեննա
1901