Բախտը ինձնից թըռավ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 01-04-2013

Tagged Under : , , ,

Բախտը ինձնից թըռավ, գնաց
Վերջալույսի շողերի պես.
Հույսը միայն մոտըս մնաց,
Մոտըս մնաց անուշ մոր պես:
Եկեք, փռվեք դաշտ ու հովիտ,
Արշալույսի վառ ճաճանչներ
Հարցնեմ` ասեք – ո՞ւր են չըկան
Մեր ընկերներ ու ճանանչներ;
Ո՞ւր գնացիք, օրեր շքեղ,
Սեր ու խնդում, երգ ու երազ.
Արդ մահն է իր նետերն ահեղ
Ամեն կողմից լարել վերաս:
Ո՞ւր գնացիք աշնան քամու
Բերանն ընկած տերևի պես.
Մի՞թե նորից չեք դառնալու
Գարնան զվարթ ջրերի պես:
1912
Ցյուրիխ

Անի

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 22-03-2013

Tagged Under : , , , ,

Այստեղ երկնել են նախնիները իմ,
Դարձել է այստեղ նյութը գաղափար,
Հագել է այստեղ երազը մարմին,
Չքնաղ երազը, որ չունի կոպար:
Անի՛, դու չես լոկ հողեղեն մի գանձ,
Դու՛, ինքդ ես ոգին – մի ողջ ժողովուրդ,
Ամեն ձև այստեղ ոճ է գերազանց,
Ամեն ինչ այստեղ – իմաստ ու խորհուրդ:
Ես հոգուս աչքով` անցած ու ներկա
Վիճակդ եմ տեսնում` հենված մի սյունի,
Որ մարտնչելով դարեր ոտընկա,
Մեռնում է կանգնած, եթե մահ ունի:
Սաղավարտակիր, ձեռքիս տեգ ու նետ,
Կանգնել եմ բարձր բուրգիդ կատարին,
Ոստանիկներիդ, ռազմիկներիդ հետ
Լսում ենք վառված սեգ զորավարին:
Տափաստաններից, խուժանը վայրագ
Հորդել է, եկել – հեղեղ զայրագին,
Ուզում է, Անի՛, ընկճել լուծի տակ
Քո ստեղծագործ, թևավոր ոգին:
Խաժամուժ, խուժան` անծայր, անքանակ,
Դարեր խուժում են – խժդուժ, խոլարշավ,
Ճըչում խժաձայն, դնում են բանակ
Քո ցորենաշատ դաշտերում անբավ:
Եվ որոտում է շեփորը ռազմի,
Կռվում ենք մտած արյուն ու քրտինք,
Դարեր կռվում ենք ատամ ատամի,
Մեռնում ենք կանգնած, եթե մահ ունինք…
Քո հին թշնամին, Անի՛, չե՞ ս տեսնում,
Խուժել է նորից քո դաշտերի մեջ,
Բայց վառվում է դեռ մեր ակութներում
Հինավուրց ուխտի կրակը անշեջ:

Դու՛, հին դրոշակ, դու՛, բագին փառքի,
Հենվել եմ նորից քո անմահ սյունին.
Եվ սպասում եմ, և դարեր ոտքի
Քո իրավաբեր շեփորիդ ձայնին…
1926
Վենետիկ

Արարչագործ աստղի առաջ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 13-03-2013

Tagged Under : , ,

Արարչագործ աստղի առաջ
Վըշտոտ սիրտըս բացեցի.
Հավերժության աչքի առաջ
Անհույս ու խոր լացեցի. –
‹‹Ո˜ւր ես վանում մեզ երկրի հետ,
Ի՞նչն է կյանքի նըպատակ.
Ի՞նչ ես կապել մեզ նյութի հետ,
Դարձրել մահին հըպատակ››…
Եվ մըռայլվեց աչքն արևի.
‹‹Ո՛վ մարդ››, դարձավ ինձ ասեց.
‹‹Ես էլ քեզ պես մահվան գերի,
Խարխափում եմ մըթի մեջ.
Աշխարհներ են ծընվում, մեռնում
Շուրջըս անհա՛յտ, անհամա՛ր:
Ո՞վ է ստեղծում, ո՞վ է քանդում,
Ինչո՞ւ համար, ո՞ւմ համար. –
Հարցիս չըկա պատասխան.
Անթիվ դարե˜ր կուգա՛ն, կերթա՛ն,
Հարցիդ չի գա պատասխան››…
1904