Դուման դառավ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 20-04-2013

Tagged Under : ,

Դուման դառավ ծովը բոլոր,
Երկնուց բռնած մուժն առավ.
– Ի՞նչ ման կուգամ միտքս մոլոր,
Սիրտս խոլոր, խոժոռ ցավ:
Ծո՛վ, քեզի տամ հիվանդ սիրտս,
Կուզես լավցու, թե խեղդե.
Մենակ խաբար տուր խեղճ մորս,
Անգութ յարիս չանիծե …
1898
Օդեսա

Գիշեր է, քամի

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 08-04-2013

Tagged Under : , ,

Գիշեր է, քամի.
Բաց լուսամուտես
Փոշի կըմաղվի
Մութ սենեկիս մեջ…
Հիվանդ ու մենակ
Պառկած եմ մահճում,
Բարձս գլխիս տակ –
Կրակ վառվռուն:

Դուրսը, չգիտեմ,
Անձրև՞ է գալիս,
Թե՞ գլխիս վերև
Խեղճ մայրս է լալիս…
Ու դողդոջ մի ձեռք,
Ինձ կըթվա թե
Դալուկ երեսիս
Հող կոթափթփե…
1915
Բեռն

Ամեն անգամ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 20-03-2013

Tagged Under : , , ,

Ամեն անգամ, երբ նայում եմ
երեխայիս խաղերին,
Թե ինչ սիրով փարվել է նա
քարին, ջրին ու հողին, –
Խոսք եմ խոսում իմ սրտի հետ.
– Է˜յ իմաստուն մանկություն,
Ունայն բան է խելքը մարդուս
և գործերը մեծանուն:
Դատարկ ձայնէ քաջի համբավ,
գանձ ու պատիվ հանապազ,
Դո’ւ ես ոսկին, ո˜վ մանկություն,
դո’ւ իսկական լույս – երազ:
Ա˜խ, երնեկ թե մանկությունըս
հանկարծ դառնար գար նորեն,
Գլխիս վառվեր մանկութ օրվա
արեգակըս ոսկեղեն:
Անուշ մորըս ոտների տակ
թռվռայի, խաղայի,
Փառք ու հանճար չարժեն խաղին
մի ծաղկաբույր տղայի:
Իմ սո’ւրբ մանկիկ, թո’ղ համբուրեմ
թաթիկներդ ցեխոտած,
Դու` կյանք ու սե’ր, ծափ ու ծիծա’ղ,
ուրախության դո’ւ աստված…
1917
Ժընև

Ա՛խ, սիրտս անմեր

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 12-03-2013

Tagged Under : ,

Ա՛խ, սիրտս անմեր ու սիրտս անմեր
Որբուկի նման,
Զօր – գիշեր կուլա, քուն – դադար չունի.
Ու ինչպես մորը, հարազատ մո˜րը, –
Սիրուս կըկանչե,
Որ գիրկըն ընկնի, ծով – կարոտն առնի…
Սերս մեռեր է ու կանանչ մեռեր,
Է՛լ հետ չի դառնա, –
Իմ խե՛ղճ, իմ ո՛րբ սիրտ, ինչքա˜ն մորմոքիս,
Է՛լ քեզ գուրգուրող ու քեզ գուրգուրող
Ազիզ մեր չըկա,
Ու նանիկ ասող, ար անո˜ւշ քնիս…
Ա˜խ, առանց ծաղկի ու առանց վարդի
Իմ գարունն անցավ,
Ու խեղճ բլբուլս շա˜տ կանուխ լռեց.
Էն սև˜ ուրուրը ու սև˜ ուրուրը
Չոր գլխովըս անցավ,
Բլբուլըս անհուն թևերը թափեց…
Է˜խ, իմ դարաքաշ ու իմ դարաքաշ
Չոր գլուխս առնեմ,
Գա՛մ թափառելու ափերդ, Արա՛զ.
Քարե – արցունքըս
Ջրերուդ խառնեմ,
Լա՛մ թափառելով ափերըդ, Արա՛զ…

1903