ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ – ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Աբու Լալա Մահարի, Պոմներ | Posted on 07-03-2013

Tagged Under : , , , , , , , ,

Եվ քարավանը ճեղքելով վստահ մըրրկապարը վայրագ ջինների,
Անշեղ ու անվախ ձգվում էր առաջ ղողանջյուններով հուզված զանգերի:

– Ի՞նչ է ընկերը… – կրկնում էր անդուլ զայրացած սրտում Աբու – Մահարին. –
Ծոցիդ մեջ սև օձ, մահիճդ պղծող… Թռիր, քարավան, ընկեր մտերիմ:

Եվ ուր որ կերթաս, այնտեղից նորեն գնա ու գնա, առանց հանգրվան,
Իմ բարի ճամփա, տար ինձ, կորցրու, չքվիմ, տանջանքս մարդիկ չիմանան:

Եվ ինչ ենք թողել, ի՞նչ կա մեր ետև, որ մեզ պատրանքով ետ կանչե նորից,
Փա՞ռք, գա՞նձ, օրենքնե՞ր և իշխանությո՞ւն… Թռիր, հեռացիր բոլոր – բոլորից:

Եվ ի՞նչ է փառքը. – այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կըբարձրացնեն,
Վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կընետեն:

Ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց, – լոկ ոսկուց – վախից հարգ են մատուցում,
Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում և քեզ հարվածում:

Եվ ի՞նչ է գանձը, որով հիմարը տիրում է մարդկանց, և հանճար, և սեր, –
Բյուրավորների քամված արյունը, մեռելների միս, որբի արցունքներ:

Ի՞նչ է ամբոխը – մեծ հիմարն է նա, ոգին հալածող և տարրը չարի
Բռնության խարիսխ, և սուր երկսայրի, և զայրույթի մեջ գազան վիթխարի:

Ի՞նչ է համայնքը – թշնամու բանակ և անհայտն այնտեղ անշղթա գերի,
Երբ է հանդուրժել հոգու թռիչքին և սլացումին վսեմ մտքերի:

Նողկալի համայնք, հեղձուցիչ օղակ, քո լավն ու վատը – ահեղ խարազան,
Մի անհուն մկրատ բոլորին խուզող` միահավասար և միանման:

Ատում եմ, ավաղ, և հայրենիքը – պերճ արոտավայրը հարուստների ցոփ,
Որի հողն արնոտ` անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդեպ:

Ի՞նչ է օրենքը, – մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան,
Անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան:

Եվ իրավունքը, և օրենքները բոլոր զայրույթով ատում եմ, ատում,
Գարշ իրավունքով բռնաբարում են և գարշ օրենքով լլկում ու մորթում:

Յոթն անգամ ահա ատում եմ, ատում իշխանությունը – սերունդներ լափող,
Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող:

Անցած դարերի, գալիք դարերի մեծ դահիճն է նա և մեծն ավազակ,
Իր անցած ուղին` ոճիր ու նախճիր, սարսափներ վիժող, ոխակալ ոհմակ:

Նա հրեշի պես կրծքիս է նստել, բռունցքն է ահեղ սեղմել ճակատիս,
Եվ ամեն քայլիս շղթա է զարկել, փականք է դրել լեզվիս ու մտքիս:

Նա փշրում է միշտ մեր ուսերը վար, ամենուր հասնում, ճզմում է մարդուն,
Եվ իրավունքի դաժան անունով բյուր կառափներից բուրգեր է կերտում:

Եվ ամեն ինչ է իշխանությունը – իրավունք, օրենք և արդարություն,
Նա ինքն է խիղճը և չարն ու բարին, իսկ դու գերեզման, դու` ոչնչություն:

Եվ նզովում եմ իշխանությունը` հազարաճիրան մոլի բորենին,
Իր ամեն քայլը` արյունի հնձան, ուր տրորում է ծերին, մանուկին:

Ապիկար մարդիկ, ստրուկ ու վախկոտ, ո՞վ տվեց սուրը նմանիդ ձեռին,
Ո՞վ տվեց նրան վրեժի իրավունք – իշխել, խողխողել իր նմաններին:

Տար ինձ, քարավան, իժերին հանձնիր, թաղիր հեգ սիրտս ավազների տակ,
Տար ինձ, ազատիր իշխանությունից, ազատիր նըրա հովանուց վայրագ: –

Խոլ կայծակները հրեղեն սրով ծվատում էին վաշտերն ամպերի
Եվ արշավասույր` փշրվում էին ճերմակ բաշերին հեռու լեռների:

Եվ մրրիկները մռնչում էին, արմավն ու նոճին շաչում, շառաչում,
Եվ քարավանը կամուրջ քանդելով և քառատրոփ վազում էր, թռչում:

Վազում էր, թռչում, զրընգ, հա զրընգ, փոշու ամպերով ծածկելով ճամփեն,
Ասես, փախչում էր չար իշխանության քինոտ բռունցքից, որ չհասնի իրեն: