Ահմեդի ուղտը

Posted by Avetiq Isahakyan | Posted in Հեքիաթներ | Posted on 10-03-2013

Tagged Under : , , , , ,

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնեբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց ևվազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:
Ավետիք Իսահակյան

ԱՌԱՋԻՆ ՍՈՒՐԱՀ-ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Աբու Լալա Մահարի, Պոմներ | Posted on 06-03-2013

Tagged Under : , , , ,

Եվ քարավանը Աբու – Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով`
Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:

Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր,
Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր:

Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով,
Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով:

Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն,
Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ խալիֆների քյոշքից լուսեղեն:

Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով:

Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:

Եվ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում.
Անհայտ ուղին էր Աբու – Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:

– Գնա, միշտ գնա, իմ քարավանս, և քայլիր մինչև օրերիս վերջը, –
Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին Մահարին, մեծ բանաստեղծը:

Գնա մենավոր վայրերը թափուր, ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն,
Դեպի արևը սլացիր անդուլ, և սիրտս այրիր արևի սրտում:

Ախ, մնաք բարև չեմ ասում ես ձեզ, իմ հոր գերեզման, օրոցք մայրական,
Իմ հոգին հավերժ խռով է ձեզ հետ, հայրենական հարկ, հուշեր մանկական:

Ես շատ սիրեցի իմ ընկերներին, և բոլոր մարդկանց մոտիկ ու հեռու,
Իժ դարձավ խայթող իմ սերը հիմա, թույն – ատելությամբ սրիտս է եռում:

Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում,
Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում:

Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը – կեղծիքը հոգու,
Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու:

Մարդկային լեզու, դու որ երկնային բույրով ու թույրով, շղարշով պայծառ
Ծածկում ես մարդու դժոխքը հոգու, ոգե՞լ ես արդյոք ճշմարիտ մի բառ:

Իմ սեգ քարավան, գնա, մխրճվիր անապատի մեջ` վայրի ու բոցոտ,
Եվ իջևանիր այն պղնձացած, շեկ ժայռերի տակ, գազանների մոտ:

Խփեմ վրանըս, օձ – կարիճների բըների գլխին վրանըս խփեմ,
Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ, կեղծ ու ժպտադեմ:

Քան ընկերի մոտ, ախ, որի կրծքին դնում էի ես գլուխըս սիրով,
Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով:

Այնքան ժամանակ, որքան արևը կայրե Սինայի սնարները վես
Եվ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես,-

Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի,
Գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների:

Եվ գազանները թող ինձ հոշոտեն, վայրագ հողմերը շաչեն ինձ վրա,
Եվ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա ու գնա… –

Եվ վերջին անգամ Աբու Մահարին ետ դարձավ նայեց նիրհած Բաղդադին,
Գարշանքով շրջեց ճակատը կնճռոտ և փարվեց ուղտի թավ պարանոցին:

Սիրով գուրգուրեց, ջերմ շրթունքներով համբուրեց ուղտի աչքերը վճիտ,
Եվ թարթիչներից նրա կախվեցին անզուսպ արցունքի երկու այրող շիթ:

Անուշ մրմունջով, նիրհած դաշտերով մեղմ օրորվում էր ձիգ քարավանը,
Գնում էր առաջ, դեպի անապատ, անհայտ ափերը, կույս – հեռաստանը: