Երազ տեսա

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 27-06-2013

Tagged Under : , , ,

Երազ տեսա – ձեր տան առաջ
Զուլալ աղբյուր կըբխեր.
Ձենը մեղմիկ, քաղցրակարկաչ,
Չորս դին ծո՛ւփ – ծո՛փ ծաղկունք էր:
Ջուր խմելու դուռըդ եկա,
Պապակ էի ու ծարավ,
Ջինջ աղբյուրը, մեկ էլ տեսա,
Ցամաք կտրավ, քար դառավ:
Քընից զարթնա, – սիրտս էր տրտում.
Ա˜խ, էս շա˜տ վատ երազ է. –
Ծարավն` ես եմ, աղբյուրը` դուն.
Սերդ ինձ համար ցամաքել է:
1894
Լայպցիգ

ԳՈՒՐԳԵՆԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 11-04-2013

Tagged Under : , , ,

Գըլգըլալով ջուր է իջնում
Մշու մշուշ սարերեն.
Ծիծեռները ծի˜վ – ծի˜վ եկան
Գարնան գալը երգելեն:
Գարուն չկա հայի համար,
Ծաղիկ, ծիծեռ մեզ պետք չեն.
Գերեզմանս հողին հավսար,
Թո՛ղ փուշ բուսնի իմ վրեն…
Գնա՛, ծիծեռ… թո՛ղ ինձ մենակ`
Վերքը սրտիս` հողի տակ…
Բայց երբ տեսնես թշնամու դեմ
Հայ ժողովուրդ` սարի պես
Զենքը ձեռին հպարտ կանգնած,
Հայե˜ր, լեռնե˜ր իրար պես, –
Ա˜խ, այն օրը արի՛, ծըվա՛,
Գարնան գալը նո՛ր կանչե. –
Հայոց գարնան, որ բյո˜ւ – բարև
Սրտիս խորեն ղողանջե…
1900

ԲԻՆԳՅՈԼ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 01-04-2013

Tagged Under : , , ,

Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի.
Շարվե շարան անցան զուգված ուղտերը,
Յարս էլ գնաց յայլաները Բինգյոլի:
Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
Նազուկ մեջքին, ծով – ծամերին կարոտ եմ.
Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ,
Սև աչքերով էն եղնիկին Բինգյոլի:
Պա˜ղ – պա˜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացվի.
Ծուփ – ծուփ ծաղկունք, լացող աչքս չի բացվի.
Դեռ չտեսած յարիս,- սիրտըս չի բացվի,
Ինձ ի˜նչ, ավա˜ղ, բլբուլները Բինգյոլի:
Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ,
Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ.
Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանոթ չեմ,
Քույրիկ, ասա, ո րն է ճամփան Բինգյոլի:

1941
Երևան

Բանդիս վըրա

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 28-03-2013

Tagged Under : ,

Բանդիս վըրա, սըրտիս վըրա
Արծիվն երեք փաթ տըվավ,
Թափ – ծափ տալով թևերն հըսկա,
Կանչեց բարձըր ու թըռավ:
– Հե˜յ, Արազը` ծըփանք տալով,
Արտուտների հետ կուգա.
Ալագյազը ծաղկունքներով,
Զառ ու զըմրուխտ, ալվալա:
Երթամ, զարնեմ կուրծքս Արազին,
Անուշ ու զով ջուր խըմեմ,
Ալագյազի թևքին նըստիմ,
Ազա˜տ, հըպա˜րտ երգս ասեմ…
1897
Երևան