Արծի՛վ սևաթույր

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 15-03-2013

Tagged Under : , , , ,

Արծի՛վ սևաթույր, արծի՛վ լեռների,
Հանգիստ ու հըպարտ ճախրում ես բարձրում,
Ա˜խ, նայի՛ր` սիրտըս – շըղթայված, գերի
Մարդկանց օրենքով, ստրուկ աշխարհում:
Ազատ միտք ու խոսք, ազա՛տ երգ ու սեր
Ողջ բըռնաբարված ծաղրով անհամբույր.
Թևերը հոգուս – աստղոտ երազներ,
Թոշնած, խորտակված, արծի՛վ սևաթույր…
Խըրի՛ր ճիրաններդ, արծի՛վ լեռների,
Կրծքիս մեջ վշտոտ ու սիրտըս հանի՛ր
Թըռցըրու Մասիս – գահույքն աստղերի
Բարձըր և հեռու աշխարհից նանիր.
Եվ թաղիր սիրտըս – ըմբո՛ստ, վիրավո՛ր,
Լեռնագագաթին` խըրո՛խտ, ահռե՛լի.
Լեռնագագաթին` վըսե՛մ ու հզո՛ր,
Արծի՛վ սևաթույր, արծի՛վ լեռների…
1907

Այն վառ աստղերը

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 04-03-2013

Tagged Under : ,

Այն վառ աստղերը, որ ջինջ երկնքից
Իմ սրտի խորքում բուրմունք են ծորում,
Լուռ ասում են ինձ.
– ‹‹Տես մեզ. – մենք անվերջ, անհուն երկնքում
Միշտ թափառում ենք.
Ի˜նչպես կարող է վեհ, վսեմ ոգին
Կապվի, շղթայվի
Իր ստրուկների և տերերի հետ.
Ե՛լ և թափառի’ր, ո՛վ ազատ ոգի …››
– Այսպես են խոսում վառ աստղերն ինձ հետ …
1899