Բանդըս բացե՛ք

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 28-03-2013

Tagged Under : , ,

Բանդըս բացե՛ք, ազատ թըռնեմ,
Ազա՛տ գոնե մեն – մի օր.
Մութ ժեռերի մարալի հետ
Ընկնիմ մենակ սար ու ձոր:
Վառ արևի շթղքը բալզամ
Անհագ խմեմ ու ծըծեմ.
Անո՛ւշ երգով սիրտըս բանամ
Լալ ու լազուր երկնի դեմ:
Զառ ու զարբաբ ծաղկանց միջով
Լուռ ծըմակի խորքն ընկնիմ.
Ա˜խ, աղբո՛ւր ջան, քու նանիկով
Գըրկեմ վարդերն ու մեռնիմ…
1897
Երևան

Այս ջինջ գիշերիս

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 11-03-2013

Tagged Under : , , , , , ,

Այս ջինջ գիշերիս անո՛ւշ կըխըշշան
Մարմանդ հովերով իմ սոսիներըս,
Ու երազներով սիրո հուշերըս
Ջարդված սրտիս մեջ շարեշար զարթնան:
Անցա՛վ, չըքացա՛վ բույրը իմ սրտից,
Մարան երգերս` շքե˜ղ, մարգարտյա՛,
Ա˜խ, գարուն – սերըս է՛լ ետ չի դառնա,
Ինչքա˜ն հեռու են կյանք, աշխարհն ինձնից:
Սիրուն աղջըկա քրքիջը հիմա
Ծակում է սիրտըս անհուն տանջանքով.
Թոշնան վարդերըս զառ կոկոնններով, –
Ա˜խ, գարուն – սերըս է՛լ ետ չի դառնա…
1903
Ալեքսանդրապոլ