Ես որ մեռնիմ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 27-06-2013

Tagged Under : , ,

Ես որ մեռնիմ ու իմ վերքից
Եթե մի վարդ դուրս ծլեր,
Եվ ընկերըս հեռու տեղից
Գար` շիրիմըս այցելեր.
Եթե նրա խոր աչերից
Մի ցող վարդիս մեջ ծորեր,-
Այն սուրբ ցողը սիրտս կերթար,
Վերքըս խորունկ` կըբուժեր:
1898
Օդեսա

Այսօր ձեր տուն մեծ խնջույք կա

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 04-03-2013

Tagged Under : , ,

Այսօր ձեր տուն մեծ խնջույք կա,
Դու կըբուրես վարդի պես.
Չորս բոլորըդ հարուստ տղա,
Դու կըփայլես աստղի պես:
Ձեր տան առաջ` ձյուն ու գիշեր,
Ա˜խ, ես կանգնել կըդողամ.
Դու դահճի պես ա՛լ ես հագել,-
Ալըդ շողքն է իմ արյան…
1900
Ցյուրիխ

Ա˜խ, ես սիրու ճամփի ափում

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 04-03-2013

Tagged Under : , ,

Ա˜խ, ես սիրու ճամփի ափում
Մենակ բուսած վայրի վարդ եմ.
Անց ու դարձի փոշին ծփուն
Վերաս իջած, կորած վարդ եմ:
Սիրունները պարտեզների
Քնքուշ պահած վարդն են սիրում.
Ես հուր – վարդն եմ ժեռ սարերի`
Սերս հասած արևներում:
Անց ու դարձող ինձ չի նայում,
Իսկ ես սիրու ծով – ծարավ եմ.
Ծարավ սիրտս փշեր բուսցուց,
Հիմա չար եմ ու նախանձ եմ …
1899
Ժընև

Արտուտն` ուսին, վարդը` սրտին

Posted by Avetiq Isahakyan | Posted in Իսահակյանի Բանաստեղծությունները | Posted on 01-03-2013

Tagged Under : ,

Արտուտն` ուսին, վարդը` սրտին,
Գարունն եկավ, ջա’ն գարուն,
Տուղտը` ծոցին, աստղը` ճակտին,
Գարունն եկավ, ջա’ն գարուն…
Արտուտն անուշ երգում է սեր,
Սիրտըս լո˜ւռ է, քանց ձըմեռ,
Էս ի՞նչ կարմիր վառ արև’ է,
Սիրտըս մո˜ւթն է, քանց գիշեր:
1897