Դուռըս ափ առած` կըծեծե քամին
Ու շեմքիս վրա տխուր կհառաչե,
Բայց ես մենակ չեմ. մի ձայն մտերիմ
Ինձ անո˜ւշ, անո˜ւշ, անո˜ւշ կըկանչե: –
Այդ` ձեր մրմունջն է, հայրենի ջրե˜ր,
Այդ` թոթովանքդ է, իմ սիրուն մանկի՛կ.
Իմ վառ, զմրուխտյա հայրենի ջրե˜ր,
Իմ պայծառ, սիրուն, իմ անգին մանկի՛կ …
1911
Կ.Պոլիս
Գիշեր է, քամի.
Բաց լուսամուտես
Փոշի կըմաղվի
Մութ սենեկիս մեջ…
Հիվանդ ու մենակ
Պառկած եմ մահճում,
Բարձս գլխիս տակ –
Կրակ վառվռուն:
Դուրսը, չգիտեմ,
Անձրև՞ է գալիս,
Թե՞ գլխիս վերև
Խեղճ մայրս է լալիս…
Ու դողդոջ մի ձեռք,
Ինձ կըթվա թե
Դալուկ երեսիս
Հող կոթափթփե…
1915
Բեռն
Աշո’ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…
Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի:
Սմքել է հոգիս
Մռայլ գիշերիս, –
Չգիտեմ մահից,
Թե՞ կյանքի ահից…
Եվ դեղին փոշին
Ելնում է իմ հին
Ապրած օրերից,
Եվ ծածկում է ինձ…
1913
Կոլոնժ
Անտուն քամու պես փակ դուռըդ, գիտե՞ս,
Ես շատ եմ ծեծել ու դու չես բացել.
Սարերն եմ ընկել վշտից խելագար
Ժայռերին զարկվել ու շատ եմ լացել:
Սարերն են վկա, որ օրից մի օր
Վատ չեմ խոսացել, գանգատվել քեզնից.
Ավա˜ղ, լցրել եմ լացով սար ու ձոր,
Բայց չեմ գանգատվել, բամբասել քեզնից:
1904
Աշնան պղտո՛ր, պղտո՛ր ամպեն
Արցունքի պես թոն կըգա.
Ա˜խ, ո՞ւր կերթա իմ սև ճամփեն,
Ա՛յ բախտ, մի՞թե վերջ չըկա:
Արդյոք վշտոտ, չոր գլուխըս
Ո՞րտեղ պիտի քուն մտնի.-
Սիրած, կարոտ սրտի՞ վրա,
Թե՞ դաշտի մեջ ամայի…
Ա˜խ, աչքերըս ո՞վ պիտ ծածկե,-
Անգին մա՞յրըս` համբույրով,
Թ՞ե ձյունն ու հող` քամին ծածկե
Տատրակների վույ – վույով:
1897
Հառիճ