ԵՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ – ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Աբու Լալա Մահարի, Պոմներ | Posted on 07-03-2013

Tagged Under : , , , , ,

Եվ քարավանը Աբու – Լալայի աղբյուրի նման մեղմ կարկաչելով,
Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ լուսնկայի շողերի միջով:

Եվ լուսինն, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը` չքնաղ, լուսավառ`
Մերթ ամաչելով պահվում էր ամպում և մերթ թրթռուն փայլում էր պայծառ:

Նիրհ էին մտել ծաղկունքը բուրյան` ադամանդներով, շքեղ գինդերով,
Ծիածանաթև հավքերը իրար գուրգուրում էին քնքուշ մրմունջով:

Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ` օրորվում էին ճամփեքի վրա:

Հովի զրույցին ունկն դնելով Աբու Մահարին խոսում էր անձայն, –
– Աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի` անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական:

Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հրաշքներով,
Եվ ո՞վ է պատմում բյուր – բյուր ձևերով` անդուլ ու անխոնջ` այսպես թովչանքով:

Ազգեր են եկել, ազգեր գնացել, և չեն ըմբռնել իմաստը նըրա,
Բանաստեղծներն են հասկացել դույզն ինչ և թոթովում են հնչյուններն անմահ:

Ոչ ոք չի լսել սկիզբը նըրա, և չի լսելու վախճանը նըրա,
Ամեն հնչյունը դարեր է ապրում, ամեն հնչյունին վերջ, սկիզբ չկա:

Բայց ամեն մի նոր ծնվածի համար նորից է պատմվում հեքիաթն այս շքեղ,
Նորից սկսվում և վերջանում է ամեն մի մարդու կյանքի հետ մեկտեղ:

Կյանքը երազ է, աշխարհը` հեքիաթ, ազգեր, սերունդներ – անցնող քարավան,
Որ հեքիաթի մեջ, վառ երազի հետ, չվում է անտես դեպի գերեզման:

Կույր ու գուլ մարդիկ, առանց երազի, առանց լսելու հեքիաթն այս վսեմ,
Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն` ահավոր ջեհնեմ:

Ձեր օրենքները – լուծ ու խարազան, և անելք մի ցանց խոլական սարդի,
Եվ որոնց ժահրով թունավորում եք երգը բլբուլի, անուրջը վարդի:

Եղկելի մարդիկ, փոշի կըդառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար,
Եվ ժամանակի ձեռքը անտարբեր կըսրբե – կավլե պիղծ հետքերը ձեր:
Եվ ունայնաշունչ հողմը կըշաչե ձեր ոսկորների քարերի վըրա,
Իսկ վայելելու դուք միշտ ապիկար` երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկյա: –

Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի պայծառ, անշեջ զընգոցով:

Եվ արար – աշխարհ լցված էր, դյութված բյուր նվագներով հավերժ երկնային,
Եվ անուրջներում նա վերասլաց լսում էր հոգով վսեմ երգերին:

– Գնա, քարավան, մեղմ հնչյուններդ հյուսելով երկնի լույս – ղողանջի հետ,
Վիշտս տուր հովին, քայլիր բնության ծոցը մայրական, և մի նայիր ետ:

Տար ինձ լուսազգեստ, օտար մի եզերք, հեռու, հեռավոր, մենավոր ափեր,
Սուրբ մենակություն, դու, իմ օազիս, դու, երազների աղբյուր զովաբեր:

Լռության երկինք, խոսիր դու ինձ հետ աստղերիդ լեզվով և ամոքիր ինձ,
Գուրգուրիր հոգիս` աշխարհից խոցված, մարդուց խայթըված վիրավոր հոգիս:

Իմ մեջ այրվում է մի անհագ կարոտ, կարեկից մի սիրտ` լացող հավիտյան,
Եվ իմ հոգում կա մի չքնաղ երազ, և սուրբ արտասուք, և սեր անսահման:

Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում իմ վրա իշխող ոչ մի զորության,
Ոչ օրենք, սահման, ոչ ճակատագիր, ոչ չար ու բարի և ոչ դատաստան:

Իմ գլխի վերև չպետք է լինի ոչ մի հովանի, ոչ մի իրավունք,
Եվ իմ կամքից դուրս ամեն ինչ բանտ է, և ստրկացում, և բռնադատում:

Ես կուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլև անաստված,
Հոգիս տենչում է միայն, միմիայն` մեծ ազատության` անհուն, անտարած: –

Եվ քարավանը հյուսվում էր առաջ, և նըրա վերև շողում էին վառ
Մանկան ժպիտով աստղերը ազատ, այն հավերժափայլ աչքերը գոհար:

Եվ կանչում էին նրան կաթոգին լույս թարթումները ոսկի աստղերի,
Եվ հոգին լցնում վսեմ ղողանջով երկնքի հազար բյուրեղ զանգերի:

Վճիտ գիշերին դյութական ցոլքով փայլում էր ուղին փիրուզյա հեռվում,
Եվ քարավանը` օրոր ու շորոր քայլում է անդորր փիրուզյա հեռուն…

ԵՐԿՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ – ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Աբու Լալա Մահարի, Պոմներ | Posted on 06-03-2013

Tagged Under : , , , , ,

Եվ ոլորվում էր այն քարավանը սեգ արմավների շարքերի միջով,
Փոշի էր հանում, – փոշու քարավան, որ վարում էր լուռ` խորշակն հուր շնչով:

– Քայլիր, քարավան, ի՞նչ ենք թողել մենք, որ կարոտանքով ցանկանք մեր դարձը, –
Այսպես էր խոսում իրեն սրտի հետ Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

Թողել ենք այնտեղ կի՞ն – աստվածային, սե՞ր – երջանկություն, անհուն երազա՞նք.-
Քայլիր, կանգ մի առ, թողել ենք միայն շղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք:

Եվ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ,
Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:

Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին,
Նա կավատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով Իբլիսն է խոսում:

Դու երազել ես աստղը հեռավոր, հրեշտակաթև շուշանն ըսպիտակ,
Որ քո վերքերին բալասան լինի, ոսկեշող երազ կյանքի ցավի տակ:

Դու տենչացել ես լույս – ափերի մեջ քեզ իրեն կանչող աղբյուրի երգին,
Եվ անմահության ցողն ես երազել և անուշ լացել երկնային կրծքին,-

Բայց սերը կնոջ` տոչորված հոգուդ, աղ – ջուր է տալիս, որ միշտ ծարավնաս,
Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես և չըհագենաս:

Ոհ, կնոջ մարմին, պագշոտ, օձեղեն, դիվական անոթ ոճիրների չար,
Դու, որ մսեղեն դառն հաճույքով արևը հոգու դարձնում ես խավար:

Ատում եմ սերը` մահու պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար,
Այդ քաղցր թույնը, որով արբողը ստրուկ է դառնում և կամ բռնակալ:

Ով սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ,
Դու թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ:

Ատում եմ կնոջ` տարերքը կրքի, միշտ բեղմնավորող եղեռնը անսանձ,
Աղբյուրն անսպառ, որ կուտակում է աշխարհի վրա տիղմը չարության:

Ատում եմ նորից սերն ու կնոջը, իր համբույրները շողոմ ու դժնյա, –
Փախչում եմ նրա ճահիճ – մահիճից, և անիծում եմ երկունքը նրա:

Երկունքը դաժան և հավերժական, որ հեղեղում է վտառն իժերի,
Որոնք խայթում են, հոշոտում իրար, աստղերն են պղծում տռփանքով ժահրի:

Սրիկա է նա ով հայր է լինում, ով երանավետ ծոցից ոչնչի`
Գոյության կոչում թշվառ հյուլեին և գլխին վառում գեհենն այս կյանքի:

– Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն` չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ, –
Այս իմ կտակը թող գրվի շիրմիս, եթե լուսնի տակ մի խորշ պիտ գտնեմ:

Այնքան ժամանակ, որ ծովը պիտի փարե Հեջազի ափերն զմրուխտյա,
Ես ետ չեմ դառնա կնոջ մոտ երբեք, ես չեմ կարոտնա թովչանքին նըրա:

Կըգգվեմ վայրի տատասկը դժնի և կըհամբուրեմ փշերը նրա,
Գլուխս կդնեմ այրվող ժայռերին և կըլամ նրանց ջերմ կրծքի վրա: –

Եվ քարավանը մեղմիկ կարկաչով չափում էր ուղին ոլոր ու մոլոր,
Դեպի երազուն և կապույտ հեռուն հոսում էր առաջ հանգիստ ու անդորր:

Զանգակներն, ասես, հեկեկում էին և ծորում հատ – հատ հնչուն արցունքներ,
Քարավանն, ասես, լալիս էր անուշ, ինչ որ Մահարին սիրել, լքել էր:

Եվ զեփյուռների սրինգները մեղմ գեղգեղում էին շարքիներն անուշ
Սիրո վերքերի, վշտոտ կարոտի և երազական թախծանքի քնքուշ:

Եվ Աբու – Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման,
Ինչպես իր ուղին, որ գալարվում է, ձգվում է անծայր ու չունի վախճան:

Հյուսվելով անծիր ճանապարհի հետ` լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր,
Հայացքը հառած անհայտ աստղերին, հոգու մեջ դառըն ու ցավոտ հուշեր:

Եվ ետ չէր նայում անցած ճամփեքին, և չէր ափսոսումափսոսում թողած – լքածին,
Ողջույն չէր վերցնում, ողջույն չէր տալիս անցնող ու դարձող քարավաններին:

ԱՌԱՋԻՆ ՍՈՒՐԱՀ-ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ

Posted by Avetiq Isahakyan | Posted in Աբու Լալա Մահարի, Պոմներ | Posted on 06-03-2013

Tagged Under : , , , ,

Եվ քարավանը Աբու – Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով`
Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:

Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր,
Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր:

Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով,
Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով:

Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն,
Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ խալիֆների քյոշքից լուսեղեն:

Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով:

Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:

Եվ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում.
Անհայտ ուղին էր Աբու – Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:

– Գնա, միշտ գնա, իմ քարավանս, և քայլիր մինչև օրերիս վերջը, –
Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին Մահարին, մեծ բանաստեղծը:

Գնա մենավոր վայրերը թափուր, ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն,
Դեպի արևը սլացիր անդուլ, և սիրտս այրիր արևի սրտում:

Ախ, մնաք բարև չեմ ասում ես ձեզ, իմ հոր գերեզման, օրոցք մայրական,
Իմ հոգին հավերժ խռով է ձեզ հետ, հայրենական հարկ, հուշեր մանկական:

Ես շատ սիրեցի իմ ընկերներին, և բոլոր մարդկանց մոտիկ ու հեռու,
Իժ դարձավ խայթող իմ սերը հիմա, թույն – ատելությամբ սրիտս է եռում:

Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում,
Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում:

Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը – կեղծիքը հոգու,
Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու:

Մարդկային լեզու, դու որ երկնային բույրով ու թույրով, շղարշով պայծառ
Ծածկում ես մարդու դժոխքը հոգու, ոգե՞լ ես արդյոք ճշմարիտ մի բառ:

Իմ սեգ քարավան, գնա, մխրճվիր անապատի մեջ` վայրի ու բոցոտ,
Եվ իջևանիր այն պղնձացած, շեկ ժայռերի տակ, գազանների մոտ:

Խփեմ վրանըս, օձ – կարիճների բըների գլխին վրանըս խփեմ,
Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ, կեղծ ու ժպտադեմ:

Քան ընկերի մոտ, ախ, որի կրծքին դնում էի ես գլուխըս սիրով,
Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով:

Այնքան ժամանակ, որքան արևը կայրե Սինայի սնարները վես
Եվ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես,-

Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի,
Գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների:

Եվ գազանները թող ինձ հոշոտեն, վայրագ հողմերը շաչեն ինձ վրա,
Եվ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա ու գնա… –

Եվ վերջին անգամ Աբու Մահարին ետ դարձավ նայեց նիրհած Բաղդադին,
Գարշանքով շրջեց ճակատը կնճռոտ և փարվեց ուղտի թավ պարանոցին:

Սիրով գուրգուրեց, ջերմ շրթունքներով համբուրեց ուղտի աչքերը վճիտ,
Եվ թարթիչներից նրա կախվեցին անզուսպ արցունքի երկու այրող շիթ:

Անուշ մրմունջով, նիրհած դաշտերով մեղմ օրորվում էր ձիգ քարավանը,
Գնում էր առաջ, դեպի անապատ, անհայտ ափերը, կույս – հեռաստանը: